Հայաստանում առկա են ներգաղթային միտումներ: Մայիսի 1-ից մինչ օրս 13 հազարով ավելի մարդ է եկել Հայաստան, քան մեկնել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը 9 հազարով ավելին է եղել, քան եկածներինը: Այս տարվա ամռանը դրական տարբերությունը շատ ավելի մեծ էր, բայց պայմանավորված էր տուրիստական սեզոնով: Ի դեպ, ուզում եմ նշել, որ նկատելիորեն մեծացել է առաջին անգամ Հայաստան եկող մեր հայրենակիցների թիվը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ երկու օր առաջ ընդունել է ամերիկահայ հայտնի գործարարի՝ «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին, ում ղեկավարած հիվանդանոցային համակարգում ավելի քան 43 հազար մարդ է աշխատում:
«Նա առաջին անգամ է եկել Հայաստան իր ընտանիքի հետ: Ինձ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ցանկանում է աջակցել Հայաստանի առողջապահական համակարգին: Նա կարծում է, որ արդյունավետ աշխատանքի արդյունքում 3 տարում Հայաստանի առողջապահական համակարգում կարելի է իրականացնել հեղափոխություն և այն բերել եվրոպական կամ ամերիկյան ստանդարտների: Սա վկայում է Հայաստանի նկատմամբ վստահության օր օրի աճի մասին»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: