2015թ.-ի նոյեմբերին Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում ձերբակալված զինված խմբի անդամներից միայն Արթուր Վարդանյանն է գտնվում անազատության մեջ։
Վարդանյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվի 3 միլիոն դրամ գրավով, սակայն ներկայացված օրվանից մինչ օրս դատական նիստերը հետաձգվում են։
Արթուր Վարդանյանի պաշտպան Սիրուշ Աղվանյանը ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դատական նիստերը հետաձգվել են տարբեր պատճառներով և մինչ օրս նիստ չի եղել, որ միջնորդությւոնը քննարկվի․ «Մի անգամ դատավորն էր արձակուրդ, անցած անգամ ամբաստանյալներից չէին ներկայացել։ Նորից նիստ է նշանակված այս ուրբաթ»։
Այժմ Վարդանյանը սպասում է դատարանի որոշմանը՝ միջնորդության վերաբերյալ։
Պաշտպան Աղվանյանը նշեց, որ մերժելու դեպքում պատրաստվում են պայքարել արդարության համար։
«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պայքարել է և հեղափոխություն կոչվածը եղել է արդարության համար։ Հիմա Կառավարությունը մոռացել է` ինչի համար է եկել իշխանության»,-ասաց պաշտպանը։
Նշենք, որ Հայաստանում իրականացված լայնամասշտաբ համաներումը շրջանցեց զինված խմբի անդամներին։
Հիշեցնենք, որ 2015թ.-ի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ վնասազերծել է հանցախմբի 9 անդամներին և նրանց ղեկավար Արթուր Վարդանյանին։ Հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ ԱԱԾ–ն հայտնել էր նաև, որ այդ խումբը նպատակ ուներ ուժի կիրառմամբ զավթել երկրի իշխանությունը։ Այդ գործի շրջանակում 2015թ.–ի դեկտեմբերին ձերբակալվել էր պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որին մեղադրում էին զինված խմբին օգնելու մեջ։ Այս տարվա մայիսին իշխանափոխությունից հետո նա ազատ արձակվեց Հայաստանի խորհրդարանի երկու պատգամավորների անձնական երաշխավորությամբ։