«Փաստ» թերթը գրում է.

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ձախողումն ու գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացման փաստը որոշակի շրջանակներում ստեղծել էր մտայնություն, թե ՀՀԿ–ն շանս է ստանում այդպիսով հասնել ռեւանշի: Այս մտայնությունը, սակայն, ճիշտ էր միայն այն մասով, որ ՀՀԿ–ն իսկապես ռեյտինգային ընտրակարգի հետ որոշակի հույսեր կապում է:

Մեծ հաշվով, սակայն, այդ մտայնությունն ունի մեթոդաբանական սխալ՝ ՀՀԿ–ի հույսերը կապված են ոչ թե ռեւանշի, այլ որեւէ կերպ խորհրդարանում հայտնվելու, սեփական կենսունակությունը ինչ–որ կերպ վերագտնելու հետ: ՀՀԿ–ի՝ ռեյտինգային համակարգից ունեցած այս մինիմալ ակնկալիքներն, իրականում, ոչ թե հուսահատության, այլ չոր հաշվարկի վրա էին կառուցված:

Թեեւ ընտրություններն անցնելու են ռեյտինգային համակարգով, բայց փոխվել է քաղաքական կոնտեքստը, իրավիճակը՝ ռեյտինգայինով ահռելի ձայներ հավաքած թեկնածուներն այլեւս գործուն եւ ուղղակի մասնակցություն չեն ունենալու ընտրությունների ընթացքում, առավել եւս՝ ՀՀԿ–ի կազմով:

ՀՀԿ–ի այս մոտեցման ապացույցը դարձան վերջին օրերին հնչող հայտարարությունները ընտրություններին չմասնակցելու մասին, որոնց հեղինակները հենց ռեյտինգայինով պատկառելի ձայներ ստացած անձինք էին: Այն, որ ռեյտինգայինի առաջամարտիկներից շատերը առնվազն չէին առաջադրվելու ՀՀԿ ցուցակով, պարզ էր դեռ մի քանի ամիս առաջ եւ, ըստ էության, ունի շատ հասկանալի բացատրություն՝ նրանցից շատերը խոշոր սեփականատերեր են ու, բնականաբար, չեն ցանկանում հայտնվել ընդդիմության ճամբարում:

Հասկանալի է նաեւ այդ մարդկանց ընդհանրապես չմասնակցության մոտիվացիան: Քաղաքական իրավիճակի փոփոխությունը զրկում է նրանց մասնակցության որեւէ մոտիվացիայից: Շատերը մեծ հաճույքով պատրաստվում են լքել քաղաքական ասպարեզը ու զբաղվել բացառապես բիզնեսով:

Առաջին հայացքից, սակայն, տրամաբանական ու հասկանալի այս գործընթացն ունի որոշակի խութեր: Բանն այն է, որ այս մարդիկ տարիներ շարունակ լինելով մեծամասնական ընտրակարգով կամ ռեյտինգայինով ընտրված պատգամավորներ՝ ունեցել են ահռելի ազդեցություն հատկապես տեղերում: Տարիներ շարունակ այդ ազդեցությունը դարձել է տեղերում բազմաթիվ մարդկանց քաղաքական ընտրության հիմք: Իսկ այսօր, դուրս գալով քաղաքականությունից կամ ուղղակի չառաջադրվելով, փաստացի, տարիների կուտակված կապիտալը զրոյացվում է:

Անշուշտ «քաղաքականությամբ զբաղվել» արտահայտությունը բավական ճոխ կարող է հնչել այդ մարդկանցից շատերի դեպքում: Ավելի շուտ նրանք զբաղեցրել են որոշակի տեղեր քաղաքական ինստիտուտներում: Բայց վերջիններիս ունեցած ազդեցությունն, ի տարբերություն, քաղաքական գործունեության ֆեյք չի եղել:

Ավելին, եթե պարզագույն մեխանիզմներով վերարտադրվելուց ու պառլամենտում սեփական տեղն ապահովագրելուց զատ դրվեր այլ նպատակ, ապա նույն այդ մարդիկ կկարողանային կապիտալիզացնել այդ ազդեցությունը ֆեոդալականից ավելի քաղաքականի, ավելի քաղաքակրթական բովանդակության:

Եթե այդ կապիտալիզացիան տեղի ունենար, ունեցած ազդեցությունը վերածվեր տեղերում թիմերի, ծրագրերի առկայության, նույն այդ մարդիկ մի կողմից կկարողանային հեռանալ քաղաքականությունից, մյուս կողմից այդ ազդեցությունը փոխանցել նրանց, ովքեր իսկապես պատրաստ են զբաղվել քաղաքականությամբ:

Տեղերում ունեցած ահռելի ազդեցության գործոնն, ըստ այդմ, չի տրանսֆորմացվել, չի ստեղծել սերնդափոխության խողովակներ, պատրաստ չի եղել ֆորսմաժորային իրավիճակներում ունենալ պահեստային տարբերակներ: Արդյունքում այժմ ունենք այն, ինչ ունենք՝ այդ ազդեցության պոտենցիալը իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված վերածվում է ամայի դաշտի, այնինչ կարող էր տրանսֆորմացվել ու դառնալ քաղաքական կապիտալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում