Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր վերջին հրաժեշտը տվեցին հայկական և համաշխարհային սպորտի լեգենդ Յուրի Վարդանյանին:

Լեգենդար մարզիկին հրաժեշտ տալու էին եկել հասարակական, քաղաքական և սպորտային աշխարհի հարյուրավոր անձինք: Իր հարգանքի տուրքը մատուցեց նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, իսկ հոգեհանգստի կարգը մատուցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

 

Նոյեմբերի 2-ին 62 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է հայկական սպորտի լեգենդ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը: Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին՝ օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։ 2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, այդ պաշտոնում է մնացել մինչև 2017թ.։