Դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մինչ այդ քաղաքական ուժերը վերադասավորվում են, ցուցակներ կազմում։

Վերջին շրջանում կուսակցությունների կողմից լրագրողներին իրենց ընտրական ցուցակներում ներգրավելու տենդենց է նկատվում։ Ըստ տեղեկությունների՝ այդպիսի մի առաջարկ էլ ստացել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը։ Այս առիթով ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցել է Վահե Մակարյանի հետ՝ պարզելու, թե որ քաղաքական ուժի կողմից է առաջարկ ստացել և ինչ որոշում է կայացրել։

 

- Վահե, խոսակցություններ կան, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկ եք ստացել։ Կասե՞ք՝ որ քաղաքական ուժի կողմից և արդյոք ընդունել եք առաջարկը։

- Առաջարկ ստացել եմ տարբեր քաղաքական ուժերի կողմից։ Սակայն կոնկրետ առարկայական քննարկում կամ բանակցություն եղել է մեկ ուժի հետ, որը գաղափարապես եղած ուժերի մեջ ավելի ընդունելի է ինձ համար։  Սակայն այս պահին կոռեկտ չեմ համարում անուն տալ, քանի որ ամենայն հավանականությամբ չեմ մասնակցի ընտրություններին։ Միայն կարող եմ ասել՝ նախկին կամ ներկա իշխանական ուժի մասին չէ խոսքը։ Ամեն դեպքում, ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ արված առաջարկի, ինձ հետ հույս կապելու, այդ հարցում ինձ վստահելու համար։

- Ի՞նչն է առաջարկը մերժելու պատճառը։

- Պատճառները տարբեր են։ Նախևառաջ անձնական որոշակի խնդիրներով պայմանավորված, որը կապ չունի տվյալ քաղաքական ուժի հետ։ Նաև տարբեր ներքին քննարկումների արդյունքում եկա այն եզրահանգման, որ այսօր՝ ռեյտինգային ընտրակարգի, արտահերթ ընտրությունների և էյֆորիկ տրամադրությունների ֆոնին ինձ համար նպատակահարմար չէ մտնել քաղաքական նման պայքարի մեջ։ Գուցե մեկ ուրիշ իրավիճակում որոշումս այլ լիներ։ Բացի այդ, մի տեսակ չեմ էլ ուզում թողնել լրագրությունը։

 

- Կարծես թե մոդայիկ է դարձել քաղաքական ուժերի կողմից իրենց շարքերը լրագրողներով համալրելը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված։

- Իսկապես, տարբեր քաղաքական ուժերի կողմից լրագրողների պահանջարկ է նկատվում։ Կարծում եմ՝ լրագրողներին ներգրավելը պայմանավորված է նրանով, որ երբեմն նրանք ավելի լավ են հասկանում քաղաքականությունից, քան շատ այլ քաղաքական գործիչներ, ինչպես նաև՝ համարվում են ինտելեկտուալ, մտավոր բավարար ռեսուրսներ ունեցող խավի ներկայացուցիչներ։ Ի վերջո, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս լրագրող է եղել, այնպես որ՝ սա լավագույն օրինակն է, թե ինչպես կարող է լրագրողը հաջող քաղաքական գործունեություն ծավալել։

Ես էլ արդեն 6 տարի է՝ խորհրդարանի աշխատանքն եմ լուսաբանում, որպես լրագրող՝ հասցրել եմ բավականին լավ ծանոթանալ օրենսդրական ախատանքին, թեպետ՝ անմիջական մասնակցություն չեմ ունենում դրան, այդ պատճառով, կեսկատակ կարող եմ ասել՝ կիսով չափ ինձ էլ խորհրդարանական եմ զգում։ Առհասարակ, ԱԺ-ն լուսաբանող լրագրողներն էլ կիսով չափ խորհրդարանականներ են, քանի որ կարծում եմ՝ մենք ևս մեր աշխատանքով մեր ներդրումն ենք ունենում օրենսդրական աշխատանքում։