Այսօր տեղեկություն տարածվեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը վայր է դնում նախարարի իր լիազորությունները՝ գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Մինչ այդ էլ Թանդիլյանը Ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է մի նախաձեռնության, որը բազում քննարկումների առիթ դարձավ և որը կարելի է անվանել Թանդիլյանի վերջին նախաձեռնությունն այս պաշտոնում:
Խոսքը «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի մասին է, որով առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ, որը չի կարող գերազանցել նվազագույն կենսաթոշակի տասնապատիկը։ Արդյունքում պետական պաշտոնյաների կենսաթոշակը ուղղակիորեն կապվելու է քաղաքացիների կենսաթոշակի հետ և պետական պաշտոնյաները, ովքեր պատասխանատվություն են կրում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի համար, կկարողանան բարձրացնել իրենց թոշակը միայն քաղաքացիների կենսաթոշակը բարձրացնելուն զուգահեռ: Իրականում, ունենալու ենք մի պատկեր, երբ թոշակները չեն բարձրանալու, այլ՝ նվազելու են:
Բացի այդ, նման փոփոխությունից հետո դժվար թե ունակ և բանիմաց կադրերի մոտ պետական ծառայության անցնելու որևէ մոտիվացիա լինի: Ինչո՞ւ է կառավարությունը գնում այս քայլին՝ թերևս, այլ ելք չունենալու պատճառով: Չկարողանալով աղքատներին հարստացնել՝ ընտրում են հարուստներին աղքատացնելու մոտեցումը, արդյունքում՝ երկու կողմից էլ աղքատներ ենք ունենալու: Եթե Թանդիլյանը նշում է որ պետական կենսաթոշակը մոտ 42.000 դրամ է, սակայն կան պետական պաշտոնյաններ, ովքեր ստանում են նույնիսկ 1.000.000 դրամից ավել՝ արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի կրճատել այդ հսկայական անջրպետը և պարզապես վերաբաշխում կատարել: Իրականում, հենց դա է սոցիալական արդարության սկզբունքը: Սակայն, ըստ էության, դրա հնարավորությունը պետությունն այսօր չունի:
Եվ եթե հիշենք այն հեռանկարը, որ 2020թ. Հայաստանին սպասվում է պետական պարտքի սպասարկման ու մարման էլ ավելի տխուր հեռանկար՝ մոտ 1 մլրդ դոլարի չափով հատկացում, ապա մենք ոչ միայն լուրջ ծախսերի, այլև կենսաթոշակների ու աշխատավարձերի էական բարձրացում չենք կարողանա ակնկալել: Դժվար թե 2019թ. մեր երկրի տնտեսությունն այնքան զարգանա և կառավարությունն այնքան հարկային եկամուտներ հավաքագրի, որ կարողանա մարել ոչ միայն այդքան մեծ պարտքի տարեկան չափաբաժինը, կարողանա ընթացիկ ծախսերը կատարել, այլև մեր աշխատողների ու թոշակառուների ամսական եկամուտներն ավելացնել: Սակայն մի բան ևս ակնհայտ է՝ ընտրություններից հետո էժանագին պոպուլիզմն այլևս չի անցնելու…