Երեկ տեղեկություն էր տարածվել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի մասին: Պաշտոնական տեղեկատվության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են ինտեգրացիոն գործընթացներին նվիրված հարցերի մի շարք: Ուշագրավ է, որ նույն օրը  Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ղազախստանի և Բելառուսի իր գործընկերների հետ: Ակնհայտ է դառնում, որ խոսակցության գլխավոր թեման ՀԱՊԿ շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձություններն են: Երեկոյան արդեն Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հանդես եկավ բավական կոշտ հայտարարությամբ, նշելով, որ պարզաբանում է պահանջելու Ղազախստանի և Բելառուսի նախագահներից՝ համագործակցության և դաշնակցային ոգուն հակասող նրանց գործողությունների վերաբերյալ:
 
Այն, որ նման կոշտ հայտարարությունը հնչում է նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո ինքնին նշանակում է, որ ռուսական կողմը տվել է Փաշինյանին այդ քարտ-բլանշը՝ ղեկավարվելով, սակայն, ոչ այնքան Հայաստանի կամ ՀԱՊԿ այլ սեփական շահերով:
 
Բանն այն է, որ Ռուսաստանն էլ Ղազախստանի և Բելառուսի պես ցանկանում է տեսնել Ադրբեջանին ՀԱՊԿ կազմում, սակայն, ըստ երույթին, Բաքուն դեռ չի կատարել պայմանավորվածությունների իր բաժինը, և հենց այդ պատճառով էլ Մոսկվան ոտքը կախ է գցում: Բացի այդ, Կրեմլում շատ լավ հասկանում են որ Բաքվի և Մինսկի միջև խորացող բարեկամությունը նպատակ է հետապնդում խաղալ ռուսների նյարդերի հետ և ռուսական կողմին անկյուն մղել:
 
Ադրբեջանա-բելառուսական այս խաղում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գործոնը ընդամենը սեփական նպատակին հասնելու գործիք և լծակ է: Սա գիտակցելով Հայաստանը կարող է իրավիճակը ի օգուտ իրեն օգտագործել և առաջարկելով իր օգնությունը ռուսական կողմին՝ պահել գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչը այս պահին միանշանակ բխում է նաև ռուսական կողմի շահերից:
 
Եթե Հայաստանին հաջողվի պահպանել իր դիրքերը դաշինքում, ապա մեր երկրում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դա կլինի լուրջ հաղթանակ Փաշինյանի և նրա թիմի համար, այն պարզ պատճառով, որ նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի հակառակորդներն իրենց քարոզչությունը կառուցելու են հենց Փաշինյանի արտաքին քաղաքական սայթաքումների քննադատության վրա: Ընտրություններից ընդամենը երկու օր առաջ՝ Փաշինյանը կարող է զրկել նրանց հաղթաթղթից:
 
 
Ս. Խաչատրյան