Ստվերային այգիների դեմ պայքարելու համար կառավարությունը գործի է դրել արբանյակային պատկերների մեթոդը: «Արբանյակային պատկերների միջոցով ստանում ենք խոնավ հողերի պատկերը և դա համադրում ենք ջրօգտագործման ընկերությունների կողմից պայմանագրերի հետ: Եվ տեսնում ենք, թե որտեղ ունենք ստվերային այգիներ, այսինքն՝ որտեղ է, որ հողը ջրվում է, խոնավ է, բայց այդ տարածքներում չունենք պայմանագրեր: Այս գործընթացն արդեն սկսել ենք, հենց այսօր կսկսենք աշխատանքային խմբի կազմավորման աշխատանքները»,- կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն էլ ասաց, որ սկսել են ներդնել ռեգիստրացիոն համակարգ, որը հստակ պատկերացում կտա, թե ընդհանրապես գյուղատնտեսությունում ինչ հողեր ունենք, ինչ կերպ են դրանք օգտագործվում, ունենք այդքան այգի, թե ոչ: «Այո, տեղեր կան, որ կա այգի, մենք չգիտենք, և ընդհանրապես հետո հարց է առաջանում՝ այս մթերքի արտահանումը հետո ինչպես կազմակերպենք, ներքին սպառումն ինչպես անենք: Մենք հստակ ռեգիստրացիոն համակարգեր ենք ներդնելու, որը մեզ հնարավորություն կտա հասկանալ, ընդհանրապես բազմաթիվ հողեր, որոնք ձեռք են բերվել, այս կամ այն պատճառով չեն օգտագործվում, ինչո՞ւ չեն օգտագործվում: Եվ դա հնարավորություն կտա շրջանառության մեջ մտցնել այլ տնտեսավարող սուբյեկտների, ովքեր ուզում են հողագործությամբ զբաղել, բայց վարձակալության խնդիր ունեն»,- ասաց նա:
Ըստ Գեղամ Գրիգորյանի՝ բացի այդ, քաղաքականության մեջ հստակ ներառվել է ջրախնայողության համակարգի ներդրումը: Ամեն տարի ավելի ու ավելի շատ գումար են տրամադրելու այդ ուղղությամբ, որպեսզի մարդիկ կարողանան կիրառել ջրախնայող համակարգերը: