Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արթիկում նախընտրական արշավի ժամանակ պատասխանելով ՀՀԿ և «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հայտարարությանը, թե այս խորհրդարանը մեկուկես տարվա կյանք է ունենալու՝ հորդորեց չշփոթվել։

«Կան որոշ քաղաքական ուժեր, որոնք այսօրվանից ասում են՝ այս խորհրդարանը մի տարվա կյանք է ունենալու: Էդ դուք իրո՞ք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափերը: Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ես ասում եմ բոլորիդ՝ մեր ժպիտներն ու քաղաքավարությունը որեւէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն․ «Այդպիսի մի քանի դեպք եղել է, եւ այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի։ Ընտրվող խորհրդարանը լինելու է լեգիտիմ եւ գործելու է իր լիարժեք ժամկետներում՝ եթե ՀՀ քաղաքացիները այլ բան չորոշեն»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նշենք, որ այսօր, քարոզարշավի մեկնարկին «Սասնա Ծռեր»-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք գալիս են քաղաքական դաշտը քաղաքական թափոններից ազատելու, վերահսկելու կառավարությանը, որպեսզի «ափռ-ցփռ խոսելը կանխեն»: