«Արմսվիթ» ՍՊԸ հարյուրավոր աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են անում ընկերության դիմաց՝ պահանջելով դեռևս հուլիսից չվճարված աշխատավարձերը:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ բանկերին վճարումներ ունեն կատարելու: Նրանց խոսքով՝ ղեկավարությունն ամեն օր ասում է՝ վաղը կլինի, սակայն այդպես էլ չի լինում: «Ավել բան չենք ուզում՝ մեր քրտինքով վաստակած գումարներն ենք ուզում»,- ասում են աշխատակիցները:
«Արմսվիթ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Կոստանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ գործարանը մինուսի վրա է աշխատում: Տնօրենի համոզմամբ՝ ցուցարարների բողոքի հիմնական դրդապատճառն ամանորյա ծախսերն են. «Մարդիկ գնալով բորբոքվում են, ծախսերն են շատացել, հետո երկրի ներկայիս անհանդուրժող վիճակն էլ է նպաստում ցույցեր անելուն: Մենք մինուսով աշխատող կազմակերպություն ենք, էսօր երկրի վիճակն էլ էն չի, որ կարողանանք ավելի լավ պայմաններով աշխատել, ի՞նչ անենք: Չենք կարող փակել գործարանն ու 700 աշխատակցի թողնել անգործ»:
Արմեն Կոստանյանը վստահեցրեց, որ եկող շաբաթ անպայման վճարելու են աշխատակիցների՝ մինչև հոկտեմբեր չվճարված աշխատավարձերը, իսկ նոյեմբերի հարցը դեռ կդիտարկվի:
«Մենք հիմա բարձր հարկեր ենք վճարում, վարկեր ենք վերցրել ու խնդիրների առաջ ենք կանգնել, գործարանի վիճակն այնքան էլ լավ չէ, մեր դրության մեջ էլ է պետք մտնել, հնարավորինս փորձում ենք պահել գործարանը»,- մանրամասնեց «Արմսվիթ» ՍՊԸ-ի տնօրենը:
Արմինե Միքայելյան