Գյուղատնտեսության նախարարությունը մեծ սպառման ծավալ ունեցող ապրանքների շուկաներում ուսումնասիրություններ է կատարում՝ գների թանկացման մասին իրարամերժ խոսակցություններից զերծ մնալու համար։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, կարտոֆիլի քիչ բերքի պատճառով ձմռանը խնդիրներ առաջանան, այդ թվում`գնի բարձրացում լինի։

Նախարարի պաշտոնակատարը մանրամասնեց այդ մթերքներն են կարտոֆիլը, ձուն, լոլիկը, միսը, պանիրը, վարունգը։ «Մենք ուսումնասիրություն կանենք և տեղեկատվությունը կներկայացնենք ձեզ։ Իհարկե, Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված վիճակագրություն ունենք, որտեղ թվերի լուրջ փոփոխություն չկա, սակայն մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա ուսումնասիրություններ ենք կատարում»,–ասաց նա: