Սեւան -Քաղսի կոյուղագիծը, որն ավելի քան 10 տարի առաջ դադարել է գործելուց, շարունակում է սպառնալիք ստեղծել թե՛ շրջակա միջավայրի, թե՛ Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր համայնքների բնակիչների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին վերոնշյալ համայնքների աշխատակազմերից, կոյուղին խցանված կամ քայքայված է, եւ կեղտաջրերը լցվում են դաշտերը, ապականում բնակավայրերը: Այն կիլոմետրերով անցնում է տնտեսությունների վարելահողերի միջով, ինչի հետեւանքով մարդիկ չեն կարողանում մի քանի տասնյակ հեկտար հող մշակել: Առավել անտանելի վիճակ ստեղծվել է Վարսերում, որտեղ պողպատյա խողովակաշարի վթարված հատվածներից կեղտաջրերը լցվում են բնակավայր կամ մերձակա ձորակը, որի կողքին կա մատուռ-սրբավայր: «Մենք ապրում ենք համաճարակի մշտական վտանգի ներքո:
Պատուհաններն անգամ վախենում ենք բացել, քանի որ գարշահոտը սպանում է: Այդ կեղտաջրերից ճահճացել է իմ հողամասը, որի մի մասը չեմ կարողանում ցանել: Ուխտավորները չեն կարողանում մեր գյուղի սրբավայր գալ, քանի որ անչափ տհաճ է մոտակա ձորակից եկող այդ օդը շնչելը»,-ներկայացրեց Վարսեր գյուղի բնակիչ Աննա Գրիգորյանը: Սեւան քաղաքի եւ Գագարինավանի կոյուղին Ծաղկունքի մոտ արդեն հոսում է վերգետնյա ու լցվում Հրազդան գետ: «Այս գետում ես երեխա ժամանակ լողացել եմ, իսկ այժմ դրա կողքով անցնելն անհնար է: Այստեղ անասուններ են թունավորվում կամ խեղդվում ճահիճների մեջ, մարդիկ չեն կարողանում մշակել ճահճի վերածված իրենց հողերը: Տարիներ են անցնում, իշխանություններ են փոխվում, սակայն այս բնապահպանական աղետը դեռ հնարավոր չի լինում կանխել ու վերացնել»,- իրավիճակը ներկայացրեց Ծաղկունքի գյուղապետ Պետիկ Աղաջանյանը:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի Վարչության պետ Արմեն Սերգոյանի հավաստմամբ՝ խնդրի արմատական լուծման համար արդեն նախագծվել է Սեւան քաղաքի եւ Գագարինավանի համար նոր մաքրման կայանների եւ կոյուղագծերի կառույցը, որի շինարարությունը կմեկնարկի 2019 թվականին: Շինարարությունը կիրականացվի գերմանական բանկի միջոցներով:
«Նույն ծրագրի շրջանակում նախատեսվում է Վարսերի տարածքով անցնող կոյուղու պողպատյա խողովակաշարի վթարված հատվածների վերականգնում, որով խնդիրը լուծված կլինի նաեւ Վարսերի բնակչության համար: Շինարարությունը կավարտվի 2 տարվա ընթացքում: Ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 2 միլիարդ 50 միլիոն դրամ: Շինարարական մրցույթը կհայտարարվի 2019 թվականի գարնանը»,-նշեց Արմեն Սերգոյանը:
Խոսրով Խլղաթյան