ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 967 անձ՝ 943 տղամարդ և 24 կին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ,
արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անձանց՝ ընտրություններին քվեարկելու ընթացակարգը:
- Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում քանի՞ ազատազրկված կին և տղամարդ իրավունք ունի մասնակցելու ԱԺ արտահերթընտրություններին:
- ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի քրեակատարողական հիմնարկներում պահվող 967 անձ, որոնցից 24-ը՝ կին:
- Ազատազրկվածներից ովքե՞ր իրավունք չունեն մասնակցելու ընտրություններին:
- ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:- Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրողները ինչպե՞ս են հետևում նախընտրական քարոզարշավին:
- Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձինք նախընտրական քարոզչությանը հետևում են ընդհանուր հիմունքներով՝ զանգվածային լրատվության միջոցներով: Բացի այդ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների թիվը ԿԸՀ ներկայացնելու, քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը նախապատրաստելու, կազմակերպելու և անցկացնելու կարգը: Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 10 օր առաջ քրեակատարողական հիմնարկ է ուղարկում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության, ինչպես նաև հանրաքվեի վերաբերյալ հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող նյութերը:
- ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն իրավունք ունե՞ն իրենց նախընտրական քարոզարշավներն իրականացնել քրեակատարողական հիմնարկներում: Եթե այո, ապադիմողներ արդեն եղե՞լ են:
- «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 09.11.2016 թվականի թիվ 128-Ն որոշմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտը կանոնակարգող որևէ իրավական ակտով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից քրեակատարողական հիմնարկներում նախընտրական քարոզչություն անցկացնելու պայմաններ և առանձնահատկություններ սահմանված չեն: