Այսօր՝ դեկտեմբերի 4–ին,  մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀԿ նախընտրական  ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանն ասաց, որ սկսած մայիս ամսից, Նախիջևանի հետ շփման գծում Ադրբեջանը առաջ է տվել իր դիրքերը։

Ըստ նրա՝ վերջերս հայտարարություն հնչեց Պաշտպանության նախարարության  կողմից, որտեղ նշվեց, թե Ադրբեջանի դիրքերի առաջխաղացում կա, բայց չեզոք գոտու իրենց հատվածում. «Առաջինը՝  չեզոք գոտի չկա, կա միջդիրքային տարածք, որը մայիսից սկսած՝ էապես կրճատվել է: Դուշանբեի հանդիպումից հետո այդ դիրքերը, որոնք առաջ էին տրվել, սեպտեմբերի 27-ից հետո ապահովվել են ճանապարհներով, որոնք ապահովելու են Ադրբեջանի այդ դիրքերի կենսունակությունը: Ահա թե ինչի համար էին այդ Դուշանբեի պայմանավորվածությունները»,-ասաց նա:

Շահնազարյանը նշեց, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի կողմից օգտագործված այն բառը, թե Դուշանբեի հանդիպումից հետո Ալիևը հանդես է գալիս կառուցողական,  սխալ է, ճիշտ կլիներ՝ կառուցողական բառի փոխարեն օգտագործեր շինարարական բառը:

Շահնազարյանը նշեց,որ Արցախի շփման գծում սեպտեմբերի 27-ից մեծ թափով Ադրբեջանն իրականացնում է շինարարական աշխատանքներ, բլուրների մեծ մասն արդեն պատրաստ է. «Այդ բլուրները շփման գծի ամբողջ երկայնքով են, ավելի մեծ խտություն կա հարթավայրային ռելիեֆներում, 1300 մետր է շփման գծում, բարձրությունը 12-15 մետր է»։

Ըստ Շահնազարյանի՝  սեպտեմբերի 27-ին Դուշանբեում կայացած վերելակային հանդիպումից հետո որևէ քննադատական խոսք Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի քաղաքականության մասին չի ասվել. «Ալիևը  նախապատրաստում է հարձակում, Նիկոլ Փաշինյանը սկսել է քաղաքական հարձակում Արցախի ռազմական ղեկավարության վրա այս կողմից: Ես հեռու եմ այն մտքից, որ սա անփորձության հետեւանք է, սա քաղաքականություն է, ինչի համար որոշ ուժեր նպաստել են, որ նա գա իշխանության»,-ասաց նա:

Նա աբսուրդ համարեց կոչը, թե Արցախի թեման պետք է հանել քարոզարշավի շրջանակներից: