ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։
 
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության:
 
Ռոբերտ Քոչարյանի դատական գործը կենսական նշանակություն ունի ոչ միայն Երկրորդ նախագահի, այլևս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար: Իհարկե շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ դիմելով լրջագույն կադրային փոփոխությունների՝ Փաշինյանը, այնուամենայնիվ, Դավթյանին թողեց գլխավոր դատախազի պաշտոնում: Պատասխանն ակնհայտ է՝ քաջ գիտակցելով, որ հեղափոխությունից հետո մի շարք կարևոր քրեական գործեր են հարուցվելու Փաշինյանին անհրաժեշտ էր այդ դիրքում մեկը, ում վրա հետագայում հնարավոր կլինի բարդել ձախողումները: Իսկ ձախողումներն արդեն մոտ են. ինչպես ասում էր Սասուն Խաչատրյանը՝ քրեական գործերում ջուրը շատ է: Գուցե հենց դա է պատճառը, որ Գլխավոր դատախազը դիմել է աննախադեպ քայլի և անձամբ է դատարանում ներկայացնում մեղադրող կողմը:
 
Դավթյանի համար ամենավատ սցենարը կլինի այն դեպքում, երբ Քոչարյանի պաշտպաններին հաջողվի գործը հասցնել ՍԴ, իսկ ՍԴ-ն էլ իր հերթին կարող է այն ուղարկել Վենետիկի Հանձնաժողով: Հենց այստեղ է, որ կարող են ծագել խնդիրներ և հենց այս սցենարի բացառման ուղղությամբ էլ պետք է աշխատի Արթուր Դավթյանը, եթե չի ցանկանում ընտրություններից հետո զիջել իր աթոռը: Իսկ Դավթյանի փոխարինողին կարծես թե արդեն գտել են: Մամուլում վերջին օրերին բազմաթիվ հրապարակումներ եղան, որ Դավթյանին այս պաշտոնում կփոխարինի ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Այս տեղեկատվությունն այնքան էլ հեռու չէ իրականությունից, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերն արդեն իսկ հասցրել են տեղավորվել պետական կառավարման համակարգում: Ջհանգիրյանի նշանակումը կարող է լինել Փաշինյանի հերթական վիճահարույց նշանակումը և դա է պատճառը, որ Գլխավոր դատախազի փոփոխության հարցը Փաշինյանը օրակարգ կբերի ընտրություններից հետո՝ մինչ այդ ժամանակ տալով Դավթյանին…
 
Ստելլա Խաչատրյան