ՀՀ տնտեսությունն ամբողջովին վաշխառուական կապիտալի ձեռքերում է, որոնք ներքին արտադրանքին զարկ տալու փոխարեն դարձել են դրսի առևտրային կապիտալի գիգանտների ներկայացուցիչները։ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ համար Հայկ Սուքիասյանը։
Խոսելով ՀՀ տնտեսության զարգացման՝ կուսակցության տեսալականի մասին՝ նա նկատեց, որ Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարը հասկանալու համար առաջին հերթին պետք է ախտորոշվի՝ ինչ տնտեսություն ունենք, որի հիման վրա հնարավոր կլինի վերլուծություններ անել, թե ինչ ուղղությամբ է պետք է աշխատել․ «ՀՀ տնտեսության 90 տոկոսը ներկրման վրա է։ Երկրի ամբողջ տնտեսությունը հանձնված է վաշխառուական կապիտալին և ՀՀ-ում ներքին արտադրողական ուժերը գետնված վիճակում են։ Տարածված տեսակետ կա՝ պետությունը չպետք է խառնվի տնտեսական կյանքին, պետք է լինի գիշերային պահակ, ազատ թողնի տնտեսությանը, լիբերալ շուկան։ Հիմա մի տարբերակ կա՝ եթե շարունակելու ենք այս սկզբունքով, Հայաստանի տնտեսությունը վերակենդանանալու ոչ մի շանս չունի։ Մենք առաջարկում ենք չափավորել այդ լիբերալ շուկայական հարաբերությունները, և կողքին առաջարկում ենք օրդոլիբերալ հարացույցը՝ սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգ, որտեղ պետությունը շուկան թողնում է ազատ, բայց նա ինքն իր տնտեսությունը կարգավորում է։ Մենք նաև առաջարկում ենք՝ պետությունը չափավորի ներկրումը և զարկ տա ՀՀ ներքին արտադրողական ուժերի զարգացմանը»,-նշեց Սուքիասյանը։
Վերջինս կարծում է, որ ՀՀ-ում կա բավարար կապիտալի կուտակում, որը վաշխառուական կապիտալի ձեռքում է և պետությունը պետք է նրանց չափավորի և ստիպի ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ։ Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսության հիմնաքարը՝ քարն է․ «30 տարի է՝ հայ ժողովրդի «գիգատները» կամ քաղաքական մուտիլովչիկները գիշեր-ցերեկ հայ ժողովրդին սովորեցրել են, որ ոչինչ չունենք: Մենք անգամ չգիտենք, թե ինչքան ունենք։ Այժմ մենք պետք է չափավորենք ներկրումները․ ՀՀ տնտեսությունը խեղդվում է ներկրողի ձեռքում։ Եթե մենք ներքին արտադրողական ուժը զարգացնենք մեր հումքի՝ քարի վրա, օլիգարխին ստիպենք՝ ներդրումներ անի ներքին շուկայում, որոշենք ստրատեգիական զարգացման ուղղությունները, որն առաջին հերթին արդյունաբերությունն է, և դրան զուգահեռ, ինֆորմացիոն հասարակության ստեղծման գործընթացն է՝ տնտեսությունը հնարավոր կլինի կայունացնել։ Առանց դրա հնարավոր չի լինի, պետք է այդ երկուսը համագործակցեն իրար հետ։ Արդյունաբերությունը շարժելով՝ ինքն իր հետ կշարժի, օրինակ, ինժեներական գիտությունը, կենսաքիմիան»,- նշեց նա՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր գիշեր-ցերեկ Հայաստանի տնտեսությունը հանձնում են արտաքին ներդրողին, Հայաստանի տնտեսության դեմ դիվերսիա են անում։
Արտաքին քաղաքականության՝ իրենց տեսլականի մասին խոսելով՝ Սուքիասյանը կարևորեց հայաստանակենտրոն մտածողությունը․
«Շատ տարածված է այսօր՝ ռուսամետ, ամերիակամետ, Մոզամբիկի կողմնորոշում ունեցող, մենք ուզում ենք ասել հետևյալը՝ պետությունները կողմնորոշում ունենալ չեն կարող արտաքին քաղաքականության մեջ։ Ընդհանրապես, մենք պետք է հասկանանք՝ կողմնորոշումը հոգեկան հիվանդություն է։ Եթե հայ ենք՝ մեր մտածողությունը պետք է լինի հայաստանակենտրոն, և սրա շրջանակներում մենք պետք է իրականացնենք ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Հիմա ովքեր խոսում են, որ ՀՀ-ՌԴ հարբերությունները այլընտրանք չունեն՝ հակապետական հայտարարություն են անում։ Նրանք պետությանը զրկում են այլընտրանք ունենալու հնարավորությունից»,-նշեց Սուքիասյանը։
Ստեղծված իրավիճակում պետության կողմից բալանսի, հավասարակշռության քաղաքականություն վարելն է ճիշտ համարում Սուքիասյանը․ «Եթե կախվում ենք մի բևեռից որպես կշռաքար, երբ նա ընկավ՝ առաջինը ձեզնից են ազատվելու։ Մեր հայացքը պետք է լինի Երևանից։ ՀՀ-ն չի կարող ունենալ արտաքին քաղաքական դիմաշրջում»։
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների՝ Հայաստանի հնարավոր վաղաժամ դադարեցնելուն՝ պատգամավորի թեկնածուն ընդգծեց, որ դա առաջին հերթին հեղինակության հարց է․ «ՀՀ-ն պետք է պաշտպանի իր իրավունքները, իսկ մենք գիտենք, որ այդ տեղը մերն է։ Հիմա, եթե, օրինակ, գլխավոր քարտուղարին ոչ թե դատեին, այլ դժբախտ պատահար լիներ, պետք է իրենց մարդուն բերեի՞ն։ Այստեղ ՀԱՊԿ-ի օրենսդրությունը պետք է գործի»,-ասաց Սուքիասյանը և ավելացրեց, որ եթե Հայաստանը կորցնի այդ պաշտոնը, ուրեմն ՀՀ-ն ՀԱՊԿ-ում պետք է դնի ՀԱՊԿ գործունեության ոչ լեգիտիմության հարց։
Պատգամավորի թեկնածուն առաջիկա ընտրություններում կարևորում է հեղափոխական ուժի հաղթանակը, բայց և կարևորում է նոր ուժերի հայտնվելը ԱԺ-ում. «Հեղափոխական ուժը պետք է հաղթի, բայց նրանք բացարձակ մեծամասնության չպետք է ձգտեն. բացարձակ մեծամասնությունը պառլամենտական համակարգում շատ վտանգավոր է։ Պառլամենտիզմը պահանջում է աջ, ձախ և կենտրոն, ոչ թե իշխանություն և ընդդիմություն»։
Արմինե Արմենակյան