«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը ուղերձ է հղել 1988-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորև.
1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11 անց 41 րոպեին, 22,7 վայրկյան ցնցվեց Հայաստանի հյուսիսային շրջանը:
Ավերվեց Հայաստանի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվեց ավելի քան 45 000 մարդ, հոսպիտալացվեցին 12 500-ը:
Հազարավոր անմեղ զոհերն ու մեզ բաժին հասած դառնությունները 30 տարի դեռևս ապրում են մեր սրտերում, բայց մեր աննկուն ոգու տեր ժողովուրդը կարողացավ ճանապարհ հարթել դեպի պայծառ ապագա՝ լեցուն հույսով ու հնարավորություններով։
Այսօր, խորնարհվելով երկրաշարժի հազարավոր զոհերի հիշատակի առջև՝ ամենից շատ ցանկանում եմ, որ վերջապես վերանա «աղետի գոտի» եզրույթը, աղետի գոտու բնակիչները վերադառնան իրենց կյանքի բնականոն հունին և այլևս չտեսնեն արհավիրքներ:
Ուժ և կորով եմ մաղթում բոլորիս: Թող Աստված պահապան լինի մեր ազգին և բոլոր ժողովուրդներին:
Լուսանկարները՝ Արմենպրեսի