ԿԲ պաշտոնական վիճակագրությունից ակնհայտ է դառնում, որ միայն հոկտեմբերին, Հայաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար: Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասն ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար: Սա, ի դեպ, 171 մլն 842 հազար դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից: 2017թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը 779 մլն 196 հազար դոլար էր: Հետաքրքիրն այն է, որ այս տարի կապիտալի արտահոսքի ծավալներն ավելացել են դեռ փետրվարից՝ մոտ 99.8 մլն դոլար, այս տեմպերը պահպանվել են հաջորդող երկու ամիսներին, երբ մարտին դուրս է բերվել 93.7, իսկ ապրիլին՝ 92.3 մլն դոլար: Դրանից հետո կապիտալի արտահոսքի տեմպերը որոշ ժամանակահատվածով նվազել էին, և նոր թափ են ստացել արդեն վերջերս: Թե ինչով է դա պայմանավորված՝ կարելի է միայն կռահել»:
Այս իրավիճակը խոսում է հետևյալի մասին: Մի կողմից՝ նոր իշխանությունները հրապարակներից պարբերաբար խոստումներ են հնչեցնում, թե Հայաստանից 20 տարվա ընթացքում թալանված գումարը պետք է հետ վերադարձվի Հայաստան, մյուս կողմից, ինչպես տեսնում ենք՝ կապիտալի արտահոսքը շարունակվում է: Իհարկե, ոչ այն տեմպերով, ինչպես օրինակ մայիս ամսին էր, երբ նախորդ իշխանության ներկայացուցիչները արագացված կարգով փորձում էին երկրից դուրս բերել իշխանության եղած ժամանակ կուտակած գումարը:
Այժմ էլ կապիտալի արտահոսքը հիմնականում դեպի ՌԴ և ԱՄՆ է, սակայն որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ դուրս բերված գումարները չեն հանգրվանել, օրինակ, Վատիկանի հանրահայտ բանկում, որտեղից նրանց վերադարձնելու հավանականությունը գրեթե զրոյական է: Սակայն, եթե մի կողմ դնենք վարկածը, որ սա նախկին իշխանությունների փախուստի դասական դրվագ է, ապա պետք է փաստել, որ կապիտալի արտահոսքը կարող է պայմանավորված լինել բիզնեսի՝ վաղվա օրվա հանդեպ ունեցած անվստահությամբ: Հարկային բարեփոխումները կամ չկան, կամ էլ որևէ կերպ չեն բխում բիզնեսի շահերից, և դա ստիպում է գործարար հատվածին՝ մտածել արտերկրում բիզնես անելու մասին: