Ինչպես արդեն տեղեկացրել են՝ լարված իրավիճակ է Կոտայքի մարզում, Նոր Գեղի գյուղի բնակիչները մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից պահանջում են չեղյալ համարել Նոր Գեղիի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Պապյանի նշանակման որոշումը։ Ի դեպ, երեկ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, վերջինս ու նրա համակիրները դանակահարել են գյուղի 4 բնակչի։ Ըստ գյուղի բնակիչների՝ նախկին գյուղապետը՝ «Ֆրոնտիկ Թևոսյանը, գյուղում խաղաղության աղավնու դեր էր տանում, իսկ այս մեկը հարբած վիճակում դանակ է հանում իրենց դեմ»։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ մարզպետի բացառիկ իրավունքն է՝ նշանակել գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար մինչև արտահերթ ՏԻՄ ընտրություններ, որի ժամանակ բնակիչները կարող են կատարել իրենց ընտրությունը․
«Բողոքի ակցիաների հետևում կանգնած են նախկին՝ 32 տարվա գյուղապետն ու նրա բարեկամական շրջանակները։ Մարզպետի առաջ նախապայմաններ քաշելը՝ սրան ենք ուզում, նրան ենք ուզում, անընդունելի է ինձ համար»,- ասաց Պետրոսյանը։
Մարզպետը նշեց՝ թեև բնակիչները դանակահարությունը շաղկապում են քաղաքական իրադարձությունների, ընտրությունների հետ, սակայն որքանով իրեն է հայտնի՝ կենցաղային մակարդակի վեճ է եղել։
«Ինձ մոտ եմ կանչել ժամանակավոր պաշտոնակատարին՝ քննարկելու ստեղծված վիճակը։ Քանի որ նման միջադեպ ենք ունեցել, չեմ բացառում նաև իր ժամանակավոր լիազորությունները կասեցնելու հանգամանքը, քանի դեռ քննություն է իրականացվում։ Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա հիվանդանոցի տնօրենը զեկուցել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-նշեց մարզպետը։
Նա հերքեց գյուղապետի ԺՊ Վարդան Պապյանի հետ բարեկամական կամ ընկերական հարաբերությունների մեջ լինելու տեղեկությունները․ «Մենք ունենք քաղաքական, գործընկերային հարաբերություններ՝ ինչը լիարժեքորեն տրամաբանված է նշանակման մեջ։ Բա պետք է քաղաքական գործընկերոջը նշանակենք, որպեսզի նաև վստահենք, փոխգործակցենք, որ յուրացումների դեպքեր չենք ունենա, ինչին ականատես ենք եղել նախկինում՝ շատ համայնքներում»,- եզրափակեց Պետրոսյանը։
Սոնա Հարությունյան