Գարնանային իրադարձությունների ամենասկզբում և դրան հաջորդած իշխանափոխությունից հետո Հայաստանում խոսակցություններ սկսեցին անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման մասին։ Իսկ ի՞նչ է անցումային արդարադատությունը:
  
Անցումային արդարադատությունը դատական և ոչ դատական, ֆորմալ և ոչ ֆորմալ, պատժողական և վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնույթ ունեցող կոնֆլիկտային իրավիճակից կամ ռեպրեսիվ ռեժիմից` առաջացած հսկայածավալ վնասը հատուցելու և խաղաղություն ու համերաշխություն հաստատելու նպատակով: Անցումային արդարադատության հիմքում ընկած է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը:
 
Անցումային արդարադատության մասին խոսելիս, պետք է նախևառաջ պարզել՝ արդյո՞ք պետությունը գտնվում է անցումային փուլում, թե՞ ոչ: Հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք ընձեռվել է հնարավորություն՝ լուծելու ծանր կամ կոպիտ բնույթ ունեցող խախտումները, անգամ եթե այդպիսի հնարավորությունը սահմանափակ է:

Ոչ միշտ է հաջողվում վեճի լուծմամբ հասնել անցումային արդարադատության նպատակների իրականացմանը: Այսպես. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը տևական ժամանակ գտնվել է բռնապետական կարգերի տակ: 1996-1997 թվականների ազատագրական պատերազմի, ինչպես նաև 1998 թվականին բռնկված պատերազմի զոհերի թիվը հաշվարկվում է մոտ 3-4 միլիոն՝ չհաշված բռնապետ Մաբուտոյի իշխանությունից տուժած անձանց թիվը: Ինչպես հետագայում արձանագրվեց՝ 2007 թվականի հունիսի 12-14-ը Կինշասայում տեղի ունեցած Զինաթափման, զորացրման և վերաինտեգրման 2-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ, անցումային արդարադատությունը անարդյունավետ կիրառվեց, և այդ անարդյունավետությունը կապում էին այն հանգամանքի հետ, որ վեճի լուծման համար առաջնահերթությունը տրվել էր զինաթափման գործընթացին, և որպեսզի կարողանան զինաթափել, զորացրել և վերաինտեգրել վեճի՝ 330 հազարի հասնող մասնակիցներին, ստիպված էին անպատժելիության երաշխիքով ապահովել դաշտային հրամանատարներին: Իրականում, այո՛, ռիսկերը բազմաթիվ են, քանի որ անցումային արդարադատության պայմաններում չի գործում դատական համակարգին բնորոշ պրոցեսուալ կանոնակարգը: Իսկ սա նշանակում է՝ տրիբունալներ, որտեղ մեղադրվող կողմը անգամ հնարավորություն էլ չի ունենա պաշտպանելու իրեն:
 
Հայաստանի Հանրապետությունում, ըստ ՀՀ Սահմանադրության հոդված 162-ի, արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Կարծիքներ են շրջանառվում, որ եթե արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, ապա «անցումային արդարադատություն» չի կարող լինել: Սակայն այս երկու «արդարադատությունները» չունեն նույն իմաստը: Անցումային արդարադատությունը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում նոր երևույթ չէ։ Նման մարմին ստեղծվել էր 1990-ականների սկզբին: Մասնավորապես՝ գլխավոր դատախազությունում հիմնվել էր «Ռեպրեսիայից տուժած անձանց արդարացնելու և փոխհատուցում տալու հայտերի քննարկման» հանձնաժողովը: Այս կառույցը Պետական անվտանգության կոմիտեից, Ներքին գործերի նախարարությունից և այլ մարմիններից պահանջում էր արխիվային գործերն ու ուսումնասիրության արդյունքներով կազմում եզրակացություն, որն էլ հիմք էր հանդիսանում անձանց արդարացնելու համար։

Սակայն կգործի՞ արդյոք այս համակարգը Նոր Հայաստանում և կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը: Արդյո՞ք երկրում առկա է այն ճգնաժամը, որն առաջացել է հանցագործությունների, զինված բախումների, կամ այլ անօրինական գործընթացների եւ մարդու իրավունքների ու ազատությունների կոպիտ խախտումների արդյունքում, եւ որը իշխանությունը չի կարողանում հաղթահարել այլ եղանակով: Եթե իշխանությունը կգնա «անցումային արդարադատության» ճանապարհով վերոհիշյալ նորմերի խախտումներով եւ առանց լուրջ հիմնավորման, ապա իշխանության թիմին նրա քաղաքական հակառակորդները հնարավորություն կունենան մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված՝ սահմանադրական կարգը տապալելու արարք կատարելու մեջ...
 
 
Ս.Խաչատրյան