Երևանի քաղաքապետարանը պարապ վախտվա նոր խաղալիք է գտել: Բանն այն է, որ Երևանի կառավարման պատասխանատուների կրեատիվը բավարարում է միայն Երևանը տարատեսակ արձաններով և քանդակներով պատելուն: Հիմա էլ, կարծես թե, որոշում է կայացվել մայրաքաղաքում տեղադրել Գրիգոր Նարեկացու նոր արձանը:

Քաղաքապետարանի կրեատիվը այնքան է հեռու է գնացել, որ արձանի տեղադրումը պատասխանատուները համարել են ոչ ավել, ոչ պակաս՝ հեղափոխության բովանդակություն:Երևանցիները, անշուշտ, այդ բովանդակությունը փոքր-ինչ այլ կերպ էին հասկանում: Օրինակ, նրանք վստահ էին, որ նոր քաղաքապետը ոչ թե «յուղ է վառելու», այլ դուխով գործի է անցնելու, լուծելու է, օրինակ, երևանցիների քանդուքարափ բնակֆոնդի խնդիրները, լուծում էր գտնելու քաղաքը կաթվածահար անող 10 բալանոց խցանումների հարցը, ի վերջո՝ գոնե այլընտրանք էր առաջարկելու մահվան վերելակներին ու գազելներին, լուծելու էր աղբահանության խնդիրը: Ի դեպ՝ աղբահանության մասին. աղբահանության գործում թերանում է և՛ «Սանիթեք»-ը, և՛ քաղաքապետարանը:

Աղբահանությունը երբեք էլ պատշաճ չի իրականացվել, իսկ ահա վերջերս գրեթե բարձիթողի վիճակում է, բայց քաղաքապետարանը այլ կարևոր և անհետաձգելի գործեր ունի, այն է՝ Երևանի տոտալ արձանապատումը: Եվ այստեղ խնդիրը բնավ էլ ճաշակը չէ, ճաշակները կարող են տարբեր լինել և դա նորմալ է. Խնդիրը քաղաքապետարանի կողմից բուռն աշխատանքի իմիտացիան է և այդ իմիտացիան որպես հեղափոխության բովանդակություն ներկայացնելը: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության իրական բովանդակության արտացոլումը կլիներ ամենօրյա աշխատանք հանուն երևանցիների բարեկեցության, մինչդեռ արդեն մի քանի ամիս է, որ ականատես ենք լինում քաղաքապետարանի կողմից  «գլուխ պահելուն:

Այգի բացելը, քանդակի տեղադրումը, պարզվում է՝ այն ամենն է, ինչին ունակ են նոր կառավարիչները իշխանությունը ստանձնելուց հետո: Այդ դեպքում ինչո՞ւ էին քննադատում նախկին քաղաքապետին՝ իր թիմով հանդերձ, քննարկում նրա վատ ճաշակը և այն, որ նստարաններ և մեկ-երկու անճաշակ արձան տեղադրելուց զատ ոչինչ չի արել, ոչ մի խնդիր չի լուծել: Իսկ դուք ինչո՞վ եք տարբերվում նախկիններից: Ցավալի կլինի, եթե հեղափոխական թիմն էլ տարիներ անց հանրության հիշողության մեջ մնա ոչ թե լուծված խնդիրներով, այլ մայրաքաղաքի ամեն մի ազատ թիզ հողի վրա մի անճաշակ արձան տեղադրելով…