Երեւանն ու Բաքուն Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում փոխըմբռնման են հասել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ, երկար դադարից հետո, հասել ենք փոխըմբռնման»,-ասել է Մամեդյարովը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Ադրբեջանի համար կշարունակի լինել առաջնահերթ խնդիր: «Հիմնական նպատակն է՝ հասնել շոշափելի արդյունքների: 2019-ի հունվարին նախատեսված հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանի հետ կքննարկենք խաղաղ կարգավորումը: Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է»,- նշել է Մամեդյարովը: Հիշեցնենք, որ արտգործնախարարները հանդիպել էին դեկտեմբերի 5-ին՝ Միլանում:
Հայաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ արձագանքել է Մամեդյարովի այս հայտարարությանը, նշելով, որ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան: Այսինքն, այսքանից զատ, որևէ պայմանավորվածություն չի եղել՝ ըստ հայկական կողմի: Սակայն, ի՞նչն է այդ դեպքում թևավորել Բաքվին և ինչպե՞ս է Մամեդյարովի հայտարարությունը՝ խաղաղ կարգավորման կողմնակից լինելու վերաբերյալ՝ համընկնում օրերս Իլհամ Ալիևի կողմից կրկին որդեգրած ռազմական հռետորաբանության հետ: Այն, որ հունվարից հետո Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում զարգացումներ են լինելու՝ փաստ է, քանի որ միջազգային հանրության՝ Փաշինյանին տված ժամանակը արդեն սպառվել է: Եվ վերջինս ստիպված է լինելու անցնել գործնական քայլերի:
Հետևաբար, հայ հասարակության համար անչափ կարևոր է իմանալ, թե այդ որ հարցերի շուրջ է Հայաստանի ԱԳՆ-ն փոխըմբռնման հասել ադրբեջանական կողմի հետ: Արդյո՞ք հարցը գերիների փոխանակման մասին է. իսկ գուցե վերահսկողության մեխանիզմների ներդրման և դիպուկահարներին առաջնագծից հետ քաշմա՞ն մասին է: Չի բացառվում, որ կողմերը փոխըմբռնման են հասել տարածքների զիջման հարցում, կամ էլ, օրինակ՝ Արցախի բանակցային գործընթացի մեջ ներգրավվելու, կամ էլ վերջնական կարգավիճակի շուրջ: Բաքվից հնչող հայտարարությունները արվում են այն ֆոնին, երբ Հայաստանում վարչապետ Փաշինյանն անում է հնարավոր ամեն ինչ՝ բանակի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար: Ընդ որում՝ նրա այդ ցանկությունը տարածվում է ոչ միայն ՀՀ զինված ուժերի, այլ նաև Արցախի ՊԲ-ի հրամկազմի վրա: Հասկանալի է, իհարկե, որ եթե տարածքները վերադարձնելու խնդիր դրվի, այդ գործընթացը իրականացնելու են զինված ուժերը և քաղաքական ղեկավարության նկատմամբ ունեցած ազդեցության լծակները այստեղ կարող է բավարար չլինեն:
Հարկ է նշել, որ հասարակության մեջ որոշակի շփոթ է առաջացնում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ԼՂ հարցում չունի հստակ դիրքորոշում, և հաճախ հնչում են հակասական հայտարարություններ, որոնք էլ լրացվում են Բաքվից հնչող սկանդալային հայտարարություններով։ Միանշանակ է, որ այս հարցում որոշակի շտկումների ու հստակեցումների անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա։
Ս.Խաչատրյան