ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով, «Արտֆուդ» պահածոների գործարանը տևական ժամանակ է՝ չի վճարում աշխատողների աշխատավարձերը։ Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև գործարանից։ 

Մեզ հետ զրույցում «Արտֆուդ» գործարանի գնումների բաժնի մասնագետ Վահե Անտոնյանը հաստատեց՝ նման խնդիր եղել է, բայց հարցն արդեն կարգավորվել է․ «Հոկտեմբեր ամսվա աշխատավարձի ուշացում կար, բայց այդ հարցն այսօր լուծվել է։ Վաղն ու մյուս օրը, ժամկետի մեջ, կվճարվի նաև նոյեմբեր ամսվա աշխատավարձը։ Հոկտեմբեր ամսվա աշխատավարձի ուշացումը պայմանավորված է եղել արտահանումներով և Լարսի փակման հետ։ Աշխատում ենք Ռուսաստանի խոշոր ցանցերի հետ ենք և իրենք վճարումները կատարում եմ 40, 50, 60 օրվա ընթացքում: Խնդիրն առաջացել էր նաև այս պատճառով»,-պարզաբանեց Վահե Անտոնյանը։ 

Նա վստահեցրեց՝ այս տարվա մեջ առաջին դեպքն էր, որ ուշացում է գրանցվել։ 

Նշենք, որ դեռևս անցած տարի, ի հայտ եկան գործարանի նոր բաժնետերեր․ «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք բերեց «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 %-ը։

Հայտարարվեց, որ արտադրության արդիականացման համար ներդրվելու էր շուրջ 3․5 մլն ԱՄՆ դոլար՝ «Էմ Բի Կապիտալը» ծրագրում էր կրկնակի ավելացնել արտադրության ծավալները՝ ընդլայնելով իրացման աշխարհագրությունը։ Դեռևս այն ժամանակ նախատեսվում էր 100 աշխատատեղ բացել։ Նկատենք, որ այս տարվա սեպտեմբեր ամսին տեղի ունեցավ գործարանի նոր արտադրամասի բացումը, որին, ի դեպ, մասնակցում էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ընկերության ղեկավարությունը վարչապետին տեղեկացրել է, որ սարքավորումների և գործարանի ենթակառուցվածքի արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակում 2018 թ. ներդրվել է 3.5 մլն ԱՄՆ դոլար, նաև աշխատողների 25% աճ է գրանցվել 2018թ․: Այս պահին ընկերությունն ավելի քան 1000 աշխատակից ունի։

Ստացվում է՝ գործարանը աշխատատեղեր է բացում, աշխատողների թիվ ավելացնում՝ աշխատավարձերը ժամանակին չվճարելու հաշվին։ Իսկ Փաշինյանը, փաստորեն, սահմանափակվում է միայն միջոցառումներին մասնակցելով, սակայն հետևողականություն չի ցուցաբերում խոշոր գործարանների աշխատելաոճին ու դրանց ստեղծած անհարմարություններին։

Նշենք, որ գործարանի մյուս բաժնեմասը շարունակում է պատկանել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին:

Սոնա Հարությունյան