Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները քաղաքացիական բնույթի են, այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում քննարկումների մի մասն է կազմում: Երկխոսություն կա այս հարցի շուրջ, սակայն այդ լաբորատորիաները Հայաստանինն են և ունեն քաղաքացիական բնույթ: Այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող Հայաստանի պարագայում»,- ասաց Նաղդալյանը:
Դեկտեմբերի 18-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ռուսական և հայկական կողմերի միջևկա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը: «Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում այն փաստաթղթի նախապատրաստումը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը և այն, որ այնտեղ կատարվող ամեն բան որևէ ռիսկերի ու սպառնալիքների տեսանկյունից թափանցիկ կլինի»,-ասել էր Լավրովը: