Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո շատ է խոսվում արտաքին քաղաքականության մեջ արձանագրվող հաջողությունների և բացթողումների մասին: Այս համատեքստում հարկավոր է հետ հայացք գցել՝ հասկանալու համար, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն էին վարում Հայաստանի նախկին ղեկավարները և ինչը էլ ավելի կարևոր է՝ ինչպիսի միջազգային ընկալում ունեին նրանք: Օրինակ, կարելի է պարզ համեմատական անցկացնել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության միջև:
  
Սերժ Սարգսյանը թեև ուներ ակնհայտ բացթողումներ, որոնք էլ արդյունքում հանգեցրին թավշյա հեղափոխության օրակարգի ձևավորմանը, միևնույն ժամանակ, չի կարելի չնշել այն ձեռքբերումները, որոնք եղան արտաքին քաղաքական դաշտում: Հայաստանը անդամագրվեց ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, ստացավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Սարգսյանի օրոք օրակարգ մտավ ասիմետրիկ արտաքին քաղաքականության գաղափարը, որը ենթադրում էր հարաբերությունների զարգացում բոլոր գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ:
 
Լավ թե վատ, սակայն Հայաստանը կարողացել է մանևրել բավական դժվարին փոփոխությունների փուլում, որոնք այսպես թե այնպես՝ անդրադարձան նաև մեր տարածրջանի վրա: Սարգսյանի կառավարման տարիներին օրակարգ մտավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսլականը: Այո, այն ձախողվեց, սակայն այսօր, արդեն նոր իշխանությունները կարծես թե գնալով Սարգսյանի հետքերով՝ պնդում են նույնը՝ հարաբերությունների կարգավորման կողմնակից են: Ի վերջո, Սարգսյանի կառավարման տարիներին ստորագրվեց ԵՄ հետ համագործակցության համապարփակ համաձայնագիրը: Արտաքին քաղաքականության մեջ դիվանագիտական հմտություններից ոչ պակաս կարևոր են նաև միջանձնային հարաբերությունները: Սարգսյանին կարծես թե հաջողվում էր լեզու գտնել համաշխարհային լիդերների հետ, համենայն դեպս՝ ակնհայտ էքսցեսներ և կոնֆլիկտային իրավիճակներ չեն առաջացել, և դա արդեն իսկ ձեռքբերում էր: Ընդհանրապես, կարելի է ասել, որ Հայաստանի նախկին ղեկավարները ավելի շատ հաջողել են հենց արտաքին քաղաքական դաշտում, համենայն դեպս՝ նրանցից որևէ մեկին սեղանի անկյունում չէին նստեցնում: Օրինակ, Լևոն Տեր–Պետրոսյանը ժամանակին արժանացել էր ամերիկյան պարբերականներից մեկի կողմից շնորհվող՝ «Տարվա մարդ» պատվավոր կոչմանը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընկերական, եթե չասենք՝ բարեկամական հարաբերություններ ուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Միջանձնային նման սերտ հարաբերությունները երկու երկրների ղեկավարների միջև՝ դրական ազդակ են հանդիսացել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար: Ընդ որում, այդ բարեկամությունը շարունակվում է մինչ օրս. հիշենք Ռոբերտ Քոչարյանի ծննդյան կապակցությամբ Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված շնորհավորանքը և դա այն պարագայում, երբ Մոսկվան չի շտապում շնորհավորել արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանին:
 
Իսկ ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը: Թերևս ոչ այնքան հաջող, և դա է պատճառը, որ ներկա իշխանություններին քննադատելու գործը ստանձնած ընդդիմությունը թիրախավորում է հենց այս ոլորտըՉնայած Ռուսաստանի հետ մտերիմ ընկերության և համագործակցության հավատարմության մասին՝ Հայաստանի նոր իշխանությունների հավաստիացումներին` վերջին ամիսների ընթացքում այդ երկրի հետ հարաբերությունները անփույթ ձևով են զարգացել։
 
Ռուսաստանում բավական սևեռուն, բայց, միևնույն ժամանակ, անկանխակալ հետևել են Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին. և՛ կոռուպցիայի դեմ պայքարին, և՛ խուզարկություններին, և՛ միջազգային ասպարեզում երկրի նոր ղեկավարության արտաքին քաղաքական վեկտորին: Ի՞նչ ունենք այսօր: Հայաստանը փաստացի կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, մինչդեռ Փաշինյանն այդ հարցը համարում է տասներորդական կարևորություն ունեցող խնդիր: Համաձայնեք՝ տարօրինակ մոտեցում է: Դրան կարելի է ավելացնել ձախողումները հայ-ամերիկյան հարաբերություններում, որոնք բյուրեղացան ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի՝ Հայաստան այցի ընթացքում: Առաջին անգամ հայ-ամերիկյան պաշտոնական երկխոսության նպատակը ոչ թե փոխադարձ շահերի և մոտեցումների ճշգրտումն էր, այլ մեկ կողմի շահերի մասին մյուսին իրազեկելը: Հարևան Իրանի հետ ավանդական դաշնակցային հարաբերություններն այսօր ստագնացիայի փուլում են: ԵՄ հետ համաձայնագրի կատարման ընթացքից էլ ակնհայտորեն դժգոհ են եվրոպաշտոնյաները, որոնք չեն շտապում գումարներ շռայլել Հայաստանի նոր իշխանությունների բարեփոխումների համար, չեն շտապում օգնության ձեռք մեկնել:
 
Այո՛, Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը վարում է ինքնավստահ և արժանապատիվ արտաքին քաղաքականություն: Ցավոք սրտի, պետք է փաստենք, որ այդ քաղաքականության արդյունքում ունենք իրավիճակ, երբ մեր դաշնակից երկրներից մեկի՝ Բելառուսի նախագահը դիվանագիտական էթիկայի հետ որևէ առնչություն չունեցող բառապաշարով է արտահայտվում Հայաստանի ղեկավարի և նրա վարած ինքնավստահ քաղաքականության մասին: Փաշինյանի թիմի մոտ չի ստացվում դիվանագիտական համակարգված աշխատանքը՝ դա ակնհայտ է:Պատճառն էլ գուցե արտաքին քաղաքականության հստակ հայեցակարգ չունենալն է: Իսկ անձամբ Փաշինյանի մոտ՝ դրական չեն դասավորվում նաև միջանձնային հարաբերությունները արտասահմանյան լիդերների հետ, ըստ երևույթին՝ Հայաստանի վարչապետը նրանց աչքերում ընդամենը աղքատ բարեկամ է…
 
Ս.Խաչատրյան