ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանի խոսքով՝ վարչապետի պաշտոնակատարը  պատրաստ չէ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ հանդիպել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի:

«Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն՝ նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում  ասաց Եղոյանը։

Նշենք, որ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ կոնսենսուսով կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրա թեկնածությանը համաձայնել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ռուսաստանի նախագահները: Զասն այցելել է այդ երկրներ և հանդիպել նախագահների հետ:

 
Նշենք նաև, որ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ գլխավոր քարտուղարն ընտրվում է կոնսենսուսով՝ հինգ երկրների համաձայնությամբ: