Հատուկ քննչական ծառայությունը Ռուսաստանից ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի վերաբերյալ ուղարկված հարցման պատասխանը, ըստ որի՝ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«ՀՔԾ-ն լրացուցիչ հարցում է ուղարկել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Բայց առայժմ միայն հաստատվել է, որ նա այդ երկրի քաղաքացի է»,- ասաց Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ Միքայել Հարությունյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգը մի խումբ անձանց հետ տապալելու համար, կալանավորումն ընտրվել էր որպես խափանման միջոց և հայտարարվել էր հետախուզում։
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանից գրություն է եկել ՌԴ տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին: Միքայել Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ։
Իսկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ ստուգում է տվյալներն այն մասին, որ«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը 2002 թվականից հանդիսացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։