Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) քրեական գործով դատական նիստը։ Դատավորը բավարարեց տուժողի պաշտպանի միջնորդությունը նիստը հետաձգելու վերաբերյալ այն նպատակով, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը ծանոթանա մեղադրական եզրակացությանը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև 2019-ի հունվարի 17-ը։ Արամ Վարդանյանը և գործով մյուս մեղադրյալ Գարեգին Իսկանդարյանը դատարանում էին։ 

Ըստ մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Գարեգին Իսկանդարյանը։

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ.  հուլիսի 30-ին, Դուբայի օդանավակայանում, իսկ հոկտեմբերի 1-ին՝ Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 18.06.2018թ.-ին Ա. Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: