Այս օրերին համացանցում շրջանառվում էին տեղեկություններ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը 2016թ. ապրիլին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով դրան, նշել է, թե ինչ սարքերի մասին է խոսքը և ինչ նպատակով են դրանք ձեռք բերվել․ «Փաստորեն` ամերիկյան դեսպանության կողմից ձեռք բերված բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն սարքերը նվիրաբերվել են ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյին»,- գրել է Սուրեն Սարգսյանը։

Ըստ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կայքում եղած տեղեկության՝ 2016թ. հունիսին Բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի շրջանակներում համալրվել է «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգով, որը բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն տեխնոլոգիաների լավագույն համադրությունն է:

Նշենք նաև, որ 2018 թվականի հունիսին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սարք-սարքավորումների ցանկը Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության» (ԹՊԻՀ/INL) ծրագրի շրջանակներում համալրվել է «Guidance Software» («Opentext») ընկերության արտադրության «Tableau» ապարատային բլոկիրատորներով, ինչպես նաև «EnCase Forensic» և «Cellebrite» ընկերության արտադրության «UFED Cloud Analyzer» ծրագրային ապահովումներով: