ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել։ 

Սիրելի՛ հայրենակիցներ, հերթական տարին՝ 2018 թվականը, մոտենում է ավարտին: Մի տեսակ չգրված օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր ոք հենց ամանորի նախաշեմին, հին տարին ճանապարհելիս ու նոր տարին դիմավորելիս, մի պահ կանգ է առնում և մտածում արածի ու չարածի մասին, վերհիշում նվաճումներն ու բացթողումները: Այս տարին առանձնացավ մի շարք գործոններով:

Ժողովրդի համախմբվածության շնորհիվ մեր երկրի քաղաքական օրակարգում տեղի ունեցան լրջագույն փոփոխություններ: Այսօր արդեն նոր Հայաստանում պետք է անել ամեն բան, որպեսզի դրական փոփոխությունների սպասող մեր հայրենակիցների հույսերն արդարանան: Եվ այստեղ լրջագույն անելիքներ ունեն քաղաքական բոլոր ուժերը: Ես՝ որպես ԲՀԿ նախագահ, հասկանում եմ, որ այս տարին մենք ամփոփում ենք դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներով և գալիք տարում, ըստ առաջնահերթության, հենց այդ խնդիրներին պետք է լուծումներ տրվեն: Այդ լուծումները մենք գտնելու ենք միասին՝ դրսևորելով քաղաքական կամք մեր համոզմունքներն ու նպատակներն իրականություն դարձնելու ճանապարհին։

Սիրելի՛ հայրենակիցներ, հավատացե՛ք, որ մենք միասին շենացնելու ենք մեր երկիրը, լույս ենք վառելու այն բնակարաններում, որոնք դատարկվել են, հետ ենք վերադարձնելու այն հայորդիներին, որոնք այսօր դրսում են իրենց հանապազօրյա հացը վաստակում: Նոր տարին մենք պետք է սկսենք նոր հույսով ու նոր հավատով , ա՛յն հավատով, որ ամեն ինչ լավ է լինելու:

Ինչպես յուրաքանչյուր տարվա իմ ամանորյա ուղերձում, այս տարի ևս ես իմ առանձնահատուկ շնորհակալությունն ու շնորհավորական խոսքն եմ ուղղում հայոց սահմանն անառիկ պահող հայ զինվորներին ու նրանց սպասող ընտանիքներին: Հիշե՛ք, որ մենք մշտապես հպարտանում ենք ձեզանով: Եվս մեկ անգամ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթում եմ, որ 2019 թվականին բոլոր հայ ընտանիքներում թևածի սիրո, համերաշխության ու երջանկության մթնոլորտը, իսկ մեր երկիրը բռնի շարունակական զարգացման ու բարգավաճման ուղին:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։