Հայաստանի հարյուրավոր սրճարանատերեր ռեստորանատերերի հետ միասին 1 շաբաթից ավել է՝ բողոքի ակցիա են իրականացնում՝ սրճարանների մուտքերի վրա փակցնելով «ՈՉ թանկացմանը, տուրիզմի անկմանն ու հարկման նոր համակարգին» գրությամբ պաստառները:
Նախ նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հիմնավոր որոշում է կայացրել Հայաստանի ռեստորանների և սրճարանների հարկման նոր համակարգի վերաբերյալ։ Այդպիսով՝ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի բոլոր կետերը աշխատում են հարկման նոր համակարգով․ 1 քմ–ից հարկվող գումարը փոխարինվել է 6%–անոց շրջանառության հարկով։ Այսինքն՝ 2019 թվականի հունվարի 1-ից հարկը բարձրացել է մինչև 8%, իսկ 2020 թվականից կբարձրանա մինչև 10%։
Ռեստորանատերերը նախազգուշացնում են, որ եթե կառավարությունը հարցին ողջամիտ լուծում չտա, տվյալ հարկման նոր համակարգը կբերի սպասարկման գների բարձրացման:
«Այս ամենն իր հերթին վտանգում է տուրիզմը, սրանք դաժան փորձարկումներ են և կրկնակի բեռ են մեզ համար: Մենք հույս ունեինք, որ կառավարությունը որևէ կերպ կարձագանքի այս խնդրին, սակայն դեռևս ոչ մի ձայն չկա: Մենք կառավարություից պահանջում ենք սառեցնել բոլոր փոփոխությունները ևս 5 տարով, որպեսզի հանրային սննդի ոլորտը չդառնա փորձադաշտ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հայկական ռեստորանների միության կոորդինատոր Աշոտ Բարսեղյանը:
Բարսեղյանը նկատեց, որ եթե կառավարության նոր կազմի հաստատումից մեկ օր անց որևէ փոփոխություն չլինի, կամ դրանից առաջ որևէ բան չհայտարարվի, կսկսվի ռեստորանների և սրճարանների բոյկոտը, այն է՝ 1 օրով փակում, գնացուցակի թանկացում՝ դրանցից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, որ տասնյակ սրճարաններ և ռեստորաններ արդեն իսկ գները թանկացրել են:
Հարկ է նշել, որ 2019 թվականից բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Իսկ ՊԵԿ-ը, ի տարբերություն նախորդ տարիների, հարկային վարչարարություն չի իրականացնի այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ:
Նշենք նաև, որ առաջին փուլում նոր ՀԴՄ-ները ձեռք էին բերել խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, այնուհետև միջինները: Այս տարվա հունվարի մեկը վերջնաժամկետ է համարվում, և բոլոր տնտեսվարողները պետք է ունենան այդ ՀԴՄ-ներից:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ