Այս տարի մայրաքաղաքի բնակիչների Ամանորը նախորդ տարիներից փոքր-ինչ տարբերվող էր: Պատճառը ոչ այնքան Երևանը Պակիստանի վերածած փողոցային առևտրականներն ու «Սանիթեք»-ի հախից գալ չկարողացող քաղաքապետի ոդիսականն ու որպես արդյունք՝ աղբի մեջ կորած մայրաքաղաքը, որքան ցանկացած երևանցու աչքին զարնվող փաստը՝ Երևանը այս տարի ակնհայտորեն լույսի պակաս է զգում: Ասվածը հատկապես վերաբերում է երեկոյան ժամերին, երբ անցած տարիների զարդարված Երևանը հիշողության մեջ համեմատելով այսօրվա Երևանի հետ՝ հասկանում ես՝ մի բան այն չէ: Երևանի այս տարվա բյուջեով փողոցների լուսավորման բյուջեն նախորդ տարվա 4 մլրդ 538 մլն-ից նվազել է մինչև 3 մլրդ 565 մլն դրամ:
Ծախսային այս հոդվածը նվազել է շուրջ 1 մլրդ-ով: Սակայն դժվար թե մայրաքաղաքի՝ խավարի մեջ թաթախված լինելու և անշուքության պատճառը դա է: Իրավիճակը չի փրկում անգամ սոցիալական ցանցերում այդքան քննարկված Երևանի գլխավոր տոնածառը: Այստեղ էլ իհարկե հարց է առաջանում՝ իսկ նախկին տոնածառի լուսատու շղթաներն ու խաղալիքները որտե՞ղ են: Քաղաքապետարանից գուցե պարզաբանեն, թե բաժանել են վարչական տարածքներին, որպեսզի կենտրոնից դուրս բնակվող երևանցիները նույնպես զգան Ամանորի շունչը: Սակայն անզեն աչքով էլ երևում է վարչական շրջանների տոնածառների և ընդհանրապես՝ տոնական զարդարանքի և երեկոյան պատշաճ լուսավորության խղճուկ տեսքը:
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի ամանորյա զարդարանքների և լուսավորության համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել էր 54 միլիոն դրամ: Այսօր կարող ենք համադրել մթության մեջ կորած և անշուք զարդարված Երևանը նախորդ տարվա Երևանի հետ և պարզ հարց տալ՝ իսկ ո՞ւր է 54 միլիոն դրամի զարդարանքը: Եթե այն կա, օրինակ՝ չի վաճառվել (սա պարզ օրինակ է, տարբերակ, և ոչ մի դեպքում՝ պնդում) ապա ավելի արդյունավետ չէ՞ր լինի նոր ծախսերի փոխարեն օգտագործել հինը և խնայել առանց այդ էլ սուղ բյուջեն: Նման իրավիճակներում առաջին տպավորությունը, որ կարող է ստանալ շարքային քաղաքացին, դա այն է, որ քաղաքապետարանի աշխատանքում դեռևս առկա են կոռուպցիոն ռիսկեր, մինչդեռ նորընտիր քաղաքապետի առաջնային խնդիրը պետք է լիներ հենց այդ ռիսկերն իսպառ բացառելը: