Ներմուծված հնամաշ մեքենայի արժեքն այսուհետ որոշելու է փորձագետը և փորձագետի եզարկացության հիման վրա արժեքային գնահատում կլինի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Հարցին՝ կոռուպցիոն ռիսկերը չե՞ն աճում, Անանյանը պատասխանեց. «Նախկինում վթարված մեքենայի համար մինչև 30 տոկոս գները նվազում էին: Կարծում ենք, որ փորձագետի ներգրավումը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնում է: Սա արվում է առաջին հերթին կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար»,- ասաց Անանյանը:
Անանյանը նաև նշեց, որ մինչև 2020թ. հունվարի 1-ը հնամաշ մեքենաների ներմուծման մեծ ծավալները Հայաստանում կպահպանվեն. «2020թ. հունվարի 1-ից կնկատվի այս մեքենաների ներմուծման շեշտակի նվազում, որովհետև արդեն բացառությունները, որոնք մենք սահմանել էինք ԵԱՏՄ մտնելիս՝ կվերանան և կգործեն ԵԱՏՄ կանոնները»,-նկատեց Անանյանը: