Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, նախորդ 4 տարիների հետ համեմատած, կրկնակիից ավելի աճել են ինչպես արագ արձագանքման, այնպես էլ ազատությունից զրկման վայրեր իրականացված այցերը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, մասնավորապես, 2014 թվականին ընդհանուր առմամբ 458 այց է իրականացվել, 2015 թվականին՝ 586, 2016 թվականին՝ 415, 2017 թվականին՝ 614, 2018 թվականին՝ 1134։
2017 թվականից, պայմանավորված Պաշտպանի մասին օրենքում տեղի ունեցած փոփոխություններով, աճել են նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ իրականացված այցերը։ Մասնավորապես, եթե 2017 թվականին տեղի է ունեցել 19 այց, ապա 2018 թվականին՝ 215։
Մշտադիտարկման այցերն իրականացվում են միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներով։ Այցերի ընթացքում արձանագրվել են ինչպես անհատական, այնպես էլ համակարգային բնույթի խնդիրներ։ Յուրաքանչյուր այցից հետո արձանագրված խնդիրները քննարկվում են ինչպես կոնկրետ հաստատությունների ղեկավարների, այնպես էլ վերադաս մարմինների հետ, ներկայացվում են խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ։