Երեկ համացանցում տարածվեց տեղեկություն, թե տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անձնագիր է ստացել՝ արդեն կնոջ անունով։ Անձնագրի «սեռ» բաժնում նշված է իգական, որը, ըստ այդ լուսանկարի՝ նշանակում է, որ տեղի է ունեցել նաև սեռափոխություն, սակայն ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ անձը կատարել է անվանափոխություն, սակայն ԶԼՄ-ներում տարածված՝ սեռափոխության հիմքով անձնագիր ստանալու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված անձնագիրը, որտեղ երևում է, թե անձի սեռը փոխված է իգականի, կատարվել է ֆոտոշոփի եղանակով։ Անձը դիմել է ՔԿԱԳ և ընդամենը փոխել է անունը։ Սեռափոխություն տեղի չի ունեցել»,- նշեց անձնագրային և վիզաների վարչության պետը։
Անվանափոխությամբ անձնագիր տրամադրելու կարգը մեկնաբանելով՝ Բիչախյանը նկատեց, որ չկա որևէ տեղ սահամնված անունների ցանկ՝ ո՛չ օրենսդրությամբ, ո՛չ ՔԿԱԳ մարմնի կողմից, թե որ անուններն են արական և որը՝ իգական։
«Ու դա հնարավոր չէ հաստատել։ Երեխային անվանակոչելիս անձն ինչ անուն ցանկանում է՝ կարող է ընտրել․ չկա որևէ սահմանափակում անունն ընտրելու հարցում։ Տվյալ անձը մեր ավանդական ընդունված արական անունը փոխել է և կնոջ անուն դրել։ Սեռափոխություն տեղի չի ունեցել»,- պարզաբանեց Մնացական Բիչախչյանը։
Արմինե Արմենակյան