Վերջին ամիսներին ունեցել ենք բազմաթիվ առիթներ համոզվելու, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի հայացքները և քաղաքական երևույթներին, գործընթացներին տրվող քաղաքական գնահատականները չափից դուրս թավշյա են դարձել: Իհարկե, հանրության մոոտ առավելապես տպավորվել է Փաշինյանի 180 աստիճան շրջադարձը՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ վերաբերյալ իր արտահայտած գնահատականներում: Սակայն չմոռանանք, որ Փաշինյանը, լինելով ընդդիմադիր, բավական հետաքրքիր մտքեր է արտահայտել նաև քաղաքական կյանքում ընդդիմության դերի և տեղի մասին: Հետաքրքիր է, իսկ որքանո՞վ են փոխվել վարչապետ Փաշինյանի դիրքորոշումները՝ կապված այս հարցի հետ, այն պարագայում , երբ նա այլևս իշխանության կրողն է:
Դեռևս 2017 թվականին, ելույթ ունենալով ԱԺ-ում և սովորականի պես քննադատելով ՀՀԿ ներկայացրած հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին նախագիծը, Փաշինյանը նշում էր՝ «Այս իրավիճակում կա՛մ պետք է որոշակի արտոնություն ունենա ընդդիմությունը, կա՛մ էլ սա պետք է լինի ոչ թե կոլեգիալ մարմին, այլ Գլխավոր դատախազության նման ղեկավար այդ հանձնաժողովին, որի թեկնածությունն առաջարկելու իրավունք պետք է ունենա ընդդիմությունը»: Փաշինյանը նաև պահանջում էր ընդդիմությանը տալ Պետական վերահսկողական ծառայությունը՝ իշխանությունների ներկայացրած բյուջեի և դրա կատարողականի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: Ավելին՝ ընդդիմադիր Փաշինյանը պնդում էր, որ Դատախազությունում և Ներքին գործերի նախարարությունում ընդդիմությունը նույնպես պետք է ներկայացված լինի, այն էլ՝ ղեկավար մարմիններում: Այսինքն՝ ընդդիմադիր Փաշինյանը կոչ էր անում ավելի մեծ լիազորություններով օժտել ընդդիմությանը, ինչը թերևս տրամաբանական է:
Նաև հիշում ենք, թե ինչ կատաղի պայքար էր մղում Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում, և հատկապես ղեկավար պոստերում ընդդիմության քվոտան և վերահսկողական գործառույթները ավելացնելու համար: Ինչպես էր ԱԺ ամբիոնից պահանջում և հորդորում, որպեսզի Վերահսկիչ պալատում ընդդիմությանը հավելյալ լծակներ տրվեն: Դա էլ է տրամաբանական, չէ՞ որ մենք խոսում ենք ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մասին:
Բացի այդ, ընդդիմադիր Փաշինյանը խոստանում էր իշխանության գալու դեպքում վերացնել Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական համակարգը և իշխանությունը բաշխել այնպես, որ նաև ընդդիմությունը ունենա քաղաքական համակարգում իր ասելիքը և անելիքը: Այսօր, սակայն, մենք տեսնում ենք, որ քաղաքական համակարգի բուրգի գագաթին հայտնված Փաշինյանը չի շտապում կատարել ժամանակին իր իսկ ներկայացրած պահանջները: Պարբերաբար նոր իշխանությունների ժողովրդավարական նկրտումների մասին լայվերով հայտնելը չենք հաշվում..
Եվ այժմ, թերևս գլխավոր ինտրիգը կայանում է նրանում՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկատարի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի տված խոստումները, ընդդիմադիր Փաշինյանի պահանջները և վերը նշված վերահսկողական գործիքները կտա խորհրդարանական ընդդիմությանը, այն է՝ ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին, թե՞ գալով իշխանության՝ Փաշինյանի հայացքները փոփոխություն են ապրել նաև այս հարցում, ասում են՝ իշխանությունը քաղցր բեռ է...
Ս.Խաչատրյան