«Դեռ պայուսակս չեն վերադարձրել: Էլ չեմ էլ մտածում այդ մասին»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 30-ին Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում իր պայուսակը կողոպտելուն:

Մեր այն հարցին, թե ոստիկանությանից մանրամասներ հայտնե՞լ են՝ կապված կողոպուտի հետ, Քոթանջյանը նշեց. «Դե, ոստիկանությունն զբաղվում է իր գործով, համենայն դեպս, ոչ մի նոր բան չկա, ես էլ չեմ հետաքրքրվում»:  

Իսկ թե որքան է եղել հասցված վնասի չափը, ժողովրդական արտիստն ասաց, որ այնքան էլ մեծ չէ. «Ինչ եղել է՝ ուզում եմ, որ մնա անցյալ տարում, նոր տարի եմ սկսել, լավ կլինի»:

Նշենք, որ Ռաֆայել Քոթանջյանի պայուսակի մեջ եղել է գումար, նույնականացման և զեղչի քարտեր, իսկ ՀՀ ոստիկանությունը դեռևս դեկտեմբերի 30-ից ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանք կատարած անձին եւ դերասանի դրամապանակն ու իրերը հայտնաբերելու ուղղությամբ:

Հավելենք, որ տեսախցիկը ֆիքսել է Քոթանջյանին կողոպտած տղամարդուն: 

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ