Ավտոներկրողները այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացրել:
Ավտոներկրողներին անհանգստացնում է 2018 թվականի ամռանը կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝ ավտոմեքենայի նվիրատվությունը պետք է հարկվի: Ավտոներկրողները ՊԵԿ նախագահին քննադատում են նախորդ տարվա ընթացքում հսկիչ գներից 30% պակաս մաքսազերծումը վերացնելու համար: Ըստ նրանց՝ 2019-ի համար էլ մաքսազերծման գներն ավելացել են շուրջ 500 դոլարով:
«Մենք ուզում ենք իմանալ՝ ինչ է սպասվում 2020 թվականից հետո, իմանանք, ինչպես ենք կառուցում մեր բիզնեսը: Մեզ անհանգստացնում է այն, որ այս մաքսազերծման թվերը 2020 թվականից հետո 20 անգամով ավելանալու է: Մենք ուզում ենք իմանալ մեր ապագան ինչպիսին է լինելու»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակցի խոսքով՝ ՊԵԿ նախագահը դավադրություն է կազմակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, երբ ինքը որոշում է բոլոր մեքենաներից 20 տոկոս գանձել:
«Նա ԵԱՏՄ օրենքով որոշել է, որ ովքեր հարկային դաշտում են գտնվում, հավելյալ վճարներ պետք է վճարեն, այսինքն՝ ճանապարհային ծախս. դա դավադրություն է: Դավիթ Անանյանը պետք է իր դիպլոմները շպրտի, Աստվածաշունչ կարդա»,-ասաց ակցիայի մասնակիցը: