Ներտնային գազի սպասարկման վճարների ոդիսականը շարունակվում է: Հիշեցնենք, որ էյ-Ի-Ջի-Սերվիս ընկերությունը, որը զբաղվում է վերոնշյալ գումարների հավաքագրմամբ, պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Ամիսներ առաջ քննարկվում էր Կարապետյանի մենաշնորհը վերացնելու հարցը, այնուհետև հայտարարվեց, որ մենաշնորհը չի վերանա, այլ պարզապես կկրճատվեն սպասարկման վճարները: Դա էլ մոռացվեց, սակայն սպառողները լիահույս էին, որ ամեն դեպքում նոր իշխանությունները կգտնեն քաղաքացիներին թալանից պաշտպանելու լուծում: Այնուհետև քննարկվեց ընկերության լիազորությունները ԱԻՆ-ին փոխանցելու հարցը: Դա էլ մոռացվեց, չնայած որ նման լուծումը կլիներ ամենաօպտիմալը և զգալիորեն կթեթևացներ սոցիալական բեռի տակ կեղեքվող քաղաքացիների վիճակը:

Նշենք, որ գազի ընդհանուր բաժանորդների թիվը՝ 692 հազար 382, ամենացածր վարձավճարով բազմապատկելու դեպքում ստացվում է 1 մլրդ. 571 մլն. 707 հազար 1440 դրամ, երկու կետի դեպքում ստացվում է 3 միլիարդ 134 միլիոն 334 հազար 280 դրամ, իսկ 3 և ավելի կետերի դեպքում՝ 4 միլիարդ 701 միլիոն 501 հազար 420 դրամ: Ընկերության եկամուտների ավելացումը, սակայն բացարձակապես չի նպաստում սպասարկման որակի՝ թեկուզ փոքր-ինչ բարելավմանը: Ավելին, ընկերությունը մի տեսակ վերածվել է դրամահավաք հիմնադրամի, որը, սակայն, չգիտի` ինչի՞ վրա եւ որտե՞ղ արդյունավետ ծախսել իր գումարները: Ներտնային գազի սպասարկման սակագների հիմքում, իհարկե, այլ հաշվարկներ էլ կան, նույնքան ուռճացված նյութածախս եւ այլն: Կասկածից վեր է` սպասարկման իրական ինքնարժեքը շատ ավելի ցածր է, քան ներկայացրել է ընկերությունը, որն էլ, իր հերթին, սիրահոժար հաստատել է ՀԾԿՀ-ն ու ոչ մի կերպ չի ուզում վերանայել՝ անգամ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո: 

Կարեն Կարապետյանը թեև երկրում չէ, անցել է շատ ավելի լավ վարձատրվող պաշտոնի և ակնհայտորեն չի բողոքում իր ֆինանսական դրությունից՝ Նիկոլ Փաշինյանը անում է ամեն ինչ՝ վերջինիս բիզնեսը ծաղկեցնելու և մենաշնորհը պաշտպանելու ուղղությամբ՝ մյուս կողմից պարբերաբար հայտարարելով, որ երկրում մենաշնորհներն իսպառ վերացել են: Ի՞նչն էր խանգարում Նիկոլ Փաշինյանին՝ զրկել իր իսկ կողմից «կոռուպցիոներների իշխանություն» որակված անձանց բիզնեսները ապամենաշնորհել և քայլ անել հօգուտ ժողովրդի: Թերևս ոչինչ, եթե իհարկե, չկան այդ նույն «կոռուպցիոներների իշխանության» ներկայացուցիչների հետ ներքին ստվերային պայմանավորվածություններ՝ քաղաքացիների գրպանի հաշվին…

 

Ս.Խաչատրյան