Խորհրդարանական ընտրություններում շուրջ 22 հազար քվե ստացած «Իմ քայլ»-ական մարզպետ Գարիկ Սարգսյանը ընտրություններից հետո պարբերաբար հայտնվում է սկանդալների թիրախում: Հիշում ենք չէ՞ հին ու բարի ժամանակները, երբ ՀՀԿ-ական մարզային «ասողները» ընտրությունների ընթացքում պլանը կատարելուց հետո հանգիստ լծվում էին մարզի բնակչությանը տեռորի ենթարկելու սուրբ գործին: Հիմա էլ նույն տրորված արահետով է գնում նոր Հայաստանի մարզպետը, ով կարծես չափից դուրս շատ է դուխավորվել ընտրությունների ընթացքում իր գրանցած ցուցանիշից:
 
Ամանորից հետո մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ մարզպետի հետ կապված՝ շուրջ երեք դատական հայց կա: Դրանից հետո երևան եկավ պարգևատրումների թեման և հանրության համար այդպես էլ մութ մնաց, թե մարզպետը որ արժանիքների համար է ինքն իրեն պարգևատրել աշխատավարձի 104.5 տոկոսի չափով: Այսօր էլ համացանցում տարածվեց տեղեկություն, որ ոմն Սարգիս Սարգսյան, ներկայանալով իբրև մարզպետի հորեղբոր որդի, վիրավորանքներ  է հնչեցնում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկին և սպառնում է  մարզպետի կատարած պարգևատրումների մասին գրելու համար:
 
Ըստ երևույթին, հեղափոխությունը այդպես էլ չհասավ մարզեր, համենայնդեպս՝ Արարատի մարզ: Այս պարագայում զարմանալի է վարչապետ Փաշինյանի լռությունը, որը դեռևս չի շտապում պատժել կամ առնվազն կարգի հրավիրել նախընտրական շրջանում իր համար «վիզ դրած» մարզպետին: Իսկ այս դեպքում, հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները՝ դա պետք է լիներ Փաշինյանի առաջին քայլը՝ ի պատասխան տեղի ունեցող զարգացումների:
 
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներն ապացուցում են, որ իշխանության օդիոզ ներկայացուցիչների դեմ իրականացվող կոսմետիկ պատժամիջոցները որևէ կերպ չեն փոխում համակարգի որակն ու բովանդակությունը: Այն ենթարկվում է մուտացիոն բնույթի տրանսֆորմացիաների, որի պարագայում մոնոլիտ է դառնում Նիկոլ Փաշինյանի մենատիրությունը: Սակայն այդպիսի տրանսֆորմացիաներն ամենևին էլ չեն նշանակում, որ իշխանական համակարգն իր ամբողջության մեջ ավելի է ուժեղանում և ամրապնդվում, այլ ընդհակառակը` այն ավելի ու ավելի է թուլանում, դառնում խոցելի և կորցնում կենսունակությունը: