Ազգային ժողովում դեռևս սպասում են արդեն իսկ ձևավորված կառավարության ծրագրին, որը պետք է ներկայացվի 20-օրյա ժամկետում: Ուշագրավ է այն, որ մասնավորապես ԱԺ-ում անհամբեր սպասում են ուժային կառույցների՝ ԱԱԾ և Ոստիկանության «ճակատագրին», քանի որ ներկայիս իշխանությունը հակված է դրանք թողնել վարչապետի ենթակայության տակ: 

Սակայն ուշագրավ է մեկ այլ հանգամանք, որ վաչապետ Նիկոլ Փաշինյանը, դեռևս նախորդ տարվա մայիսի 1-ին տեղի ունեցած վարչապետի ընտրության ժամանակ իր ելույթում հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություններ կառավարության կառուցվածքում և ենթարկվեն խորհրդարանին։ Փաշինյանն իր հայտարարությունում մասնավորապես խոստացել է, որ կգնա կառուցվածքային նման փոփոխության. «Ասել եմ և կրկնում եմ, որ Հայաստանում ստեղծվել է կառավարման սուպերվարչապետական մոդել, որում ԱԱԾ-ն և ոստիկանությունը ենթարկվում են վարչապետին։ Դա պետք է փոխվի, և ես կրկին հայտարարում եմ այդ մասին։ Կարծում եմ, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություններ և պետք է հաշվետու լինեն խորհրդարանին, այլ ոչ թե անձամբ վարչապետին»:

Նկատենք, որ նախկինում, դեռ ընդդիմություն եղած տարիներն, նմանօրինակ հայտարարություններով բազմիցս հանդես է եկել նաև ներկայիս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, մինչդեռ հիմա իր և քաղաքական թիմի մոտեցումն այլ է. պնդում են, որ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունն ամեն դեպքում չպետք է հաշվետու լինեն խորհրդարանին։

Այս թեմայով նաև իր քաղաքական թիմի դիրքորոշումն է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը, նշելով, որ միանշանակ ուժային կառույցները պետք է բերվեն խորհրդարանական վերահսկողության դաշտ: «Ներկա իշխանությունը մեկ տարի առաջ հայտարարել էր, որ ուժային մարմինները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին։ Հիմա նրանք հակառակն են ասում»,- այս մասին օրերս ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Գորգիսյանը:

Հավելենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետի և նախագահի ուղիղ հսկողության տակ էին։