Ազգային ժողովի արտահերթ ընտրությունից հետո մեր երկրի առաջնահերթություններից մեկը տնտեսական զարգացման հեռանկարներն են: Այս առումով ոլորտի մասնագետները հատկապես կարեւորում են Հարկային օրենսգրքի փոփոխությունը: Եվ ահա երեկ, վերջապես հրապարակվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Այն հրապարաակված է Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում։
  
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ փոփոխությունները հեռու են հեղափոխական լինելուց: Քիչ թե շատ նշանակալի փոփոխությունը կամ քայլը որ արվել է դեպի փոքր ու միջին բիզնես, դա 58 միլիոնի շեմը 115 միլիոնի բարձրացնելու քայլն է: Մնացած առումներով, միկրոբիզնեսին հարկերից ազատում են միայն մայրաքաղաքից դուրս: Իսկ այսօր մենք գիտենք, որ մանր ու միջին բիզնեսը հիմնականում աշխատում է Երեւան քաղաքում, եւ դրանից դուրս անտրամաբանական կլիներ մեծ հարկերի հույս ունենալ:
  
Հարկավոր է նաև նշել, որ առանձին ուղղություններով նախատեսված է շրջանառության հարկի տոկոսադրույքների աճ, մասնավորապես` հանրային սննդի օբյեկտների դեպքում, օրինակ` 2018-ին գործել է 6 տոկոս շրջանառության հարկ, որն այժմ դառնալու է 8 տոկոս, իսկ 2020-ին այն կդառնա 10 տոկոս: Սա զգալի բեռ է հանրային սննդի օբյեկտների համար, քանի որ այստեղ այնքան էլ բարձր չէ շահութաբերությունը, որ նրանք կարողանան իրենց շրջանառության 10 տոկոսը վճարել ու շարունակել իրենց գործունեությունը: Սա հարված է փոքր ու միջին բիզնեսին: Բացի այդ, բարեփոխումների փաթեթում որդեգրված է եկամտային հարկի համահարթեցման մոտեցումը. անկախ եկամտի չափից` բոլորն անխտիր՝ պետք է վճարեն 23 տոկոս եկամտահարկ, ինչը ո՛չ տնտեսապես, ո՛չ սոցիալապես արդարացված չէ:
 
Դեռևս լուռ, բայց պայթունավտանգ խռովություն է առաջանում հաշվապահների, խորհրդատուների, փաստաբանների շրջանում, քանի որ առաջարկվող փոփոխությունները կյանքի կոչելուց հետո այս մասնագետները պետք է ոչ թե շարունակեն աշխատել շրջանառության հարկով, այլ ԱԱՀ-ով։ Ի՞նչ կունենանք արդյունքում: Հաշվապահները, կամ փաստաբաններն այլևս մի կողմ կդնեն օրինական դաշտում աշխատելու կանոնը և հաճախորդների հետ պարզապես բանավոր կպայմանավորվեն։ Սա էլ իր հերթին նշանակում է ստվերի ավելացում: