Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկարաժամկետ առումով   գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Առայժմ խոսքն այն մասին է, որ մենք 2019թ. գազի սակագինը Հայաստանի սպառողների համար չբարձրանա: Փաստացի, սա նշանակում է, որ մենք մեկ տարի ժամանակ ունենք, որպեսզի շարունակենք կոնսուլտացիաները մեր գործընկերների հետ Ռուսաստանից, «Գազպրոմ»-ից և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որպեսզի լուծենք այս հարցը երկարաժամկետ առումով: Իհարկե, ավելի լավ կլինի, որ այս հարցը լուծվի ԵԱՏՄ շրջանակներում, որովհետև ես կարծում եմ, որ սա ավելի ճիշտ մոտեցում է, քանի որ մենք խոսում ենք ընդհանուր տնտեսական տարածքի մասին: Մենք կաշխատենք այս ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի թանկացմամբ պայմանավորված Հայաստանի կառավարությունը ոչինչ չի սուբսիդավորելու, ամեն ինչ նույնն է մնալու՝ շեշտելով, որ պարզապես ժամանակ են ստանում գազի թեման ավելի մանրամասն քննարկելու համար: