Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում նախօրեին ընդունվեց Վեհաժողովի մոնիթորինգային ընթացակարգերի ու դրանց ժամանակավոր վերանայման մասին բանաձև, որի զեկուցողն էր բրիտանացի պատգամավոր Ռոջեր Գեյլը։

Վեհաժողովը կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ ապահովել, որ բոլոր քրեական հետաքննությունները, ներառյալ 2008 թ. մարտին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին և կոռուպցիոն մեղադրանքներին վերաբերող, տեղի ունենան օրենքի գերակայության, դատական անկախության ու արդար դատավարության սկզբունքներին խիստ համապատասխան՝ ինչպես սահմանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը Ռուբեն Ռուբինյանն է, ում նշանակումն այս պաշտոնին՝ բազմաթիվ հարցերի առիթ տվեց: Շատերի համար հասկանալի չէր, թե ինչ անհրաժեշտություն կար շարժվել «թայֆայական» սկզբունքով և պաշտոնը վստահել ոչ թե փորձառու թիմակիցներին, այլ «տարվա քայլարշավին» իր մասնակցությունը բերած անփորձ երիտասարդների, որոնց քաղաքական և հատկապես՝ արտաքին քաղաքական հարցերում դիլետանտությունը արդեն իսկ հետևանքներ է ունենում մեր երկրի միջազգային վարկանիշի վրա…