ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, այս պահին Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները դարձյալ փակել են Բագրատաշենի մաքսային կետի ճանապարհը և թույլ չեն տալիս՝ որևէ մեքենա հատի սահմանը։ Վրաստան գնացողները հասնում են Բագրատաշենի անցակետ և ստիպված՝ հետ վերադառնում։
Բողոքող քաղաքացիները դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերջին անգամ անցակետից իրենց իրերը վերցնելու համար։
Նշենք, որ քաղաքացիները դժգոհում են, քանի որ առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը 2019 թվականի հունվարի 1-ից կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որեւէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Վրաստան գնալիս զրուցել է բողոքող քաղաքացիների հետ և դիմել է ՊԵԿ նախագահին՝ թույլ տալ վերջին անգամ առանց լրացուցիչ հարկի հատել մաքսակետը։