ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ խոսել է ներքին և արտաքին մարտահրավերների մասին, ներքին քաղաքականությունից, նոր խորհրդարանից:
Շարմազանովի խոսքով՝ նոր խորհրդարանը ոչ թե ընտրովի էր, այլ նշանակովի:
«Խորհրդարանը նշանակովի էր օրվա իշխանության հերոս Նիկոլ Փաշինյանի կողմից իր քաղաքական ճաշակով՝ առանց ընդդիմության: Երբ ասում եմ իրական ընդդիմություն, ամենևին չեմ ուզում ստվեր գցել ո՛չ «Բարգավաճ Հայաստան»-ի, ոչ էլ «Լուսավոր Հայաստան»-ի վրա: Այս պառլամենտը Փաշինյանի և նրան սատարողների պառլամենտն է: Չնայած Փաշինյանը պառլամենտում ասում էր, որ ինքը չունի «իզմ»-եր, բայց ակնհայտ դարձավ, որ նա ունի «իզմ»-եր՝ դա իր պոպուլիզմն է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պոպուլիստական իշխանություն է»,-ասաց Շարմազանովը:
Շարմազանովի խոսքով՝ հեղաշրջման շրջանում Փաշինյանը խոսում էր ամեն ինչից՝ թաշակների բարձրացումից, աղքատության վերացումից, թռիչքային զարգացումից, կարմիր գծերի հանվելուց, տեսախցիկները հանվելուց, սակայն ինչ խոստացել է՝ չի արել:
«Բոլոր ցուցանիշներով, նույնիսկ Փաշինյանի բերած ցուցանիշներով՝ այս 9 ամիսների արդյունքները նկատելիորեն զիջում են նախկին իշխանության ցուցանիշներին: 8.1 տոկոսի անկում կա գյուղատնտեսությունում: Բոլոր ոլորտներում խայտառակ իրավիճակ է»,-ասաց Շարմազանովը:
Ըստ Շարմազանովի՝ խայտառակ իրավիճակ է նաև արդարադատության ոլորտում. «Առաջին իսկ օրվանից, երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց և առաջին անգամ նա ձերբակալվեց, ինձ համար դա մտահոգիչ էր: Դա խայտառակություն էր: Ես գտնում եմ, որ երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նույնը կարող եմ ասել նաև Խաչատուրովի մասին: Մի պետությունում, որտեղ ՀՔԾ պետը հայտարարում է ՝ «երկու օր կբռնենք, խելքը գլուխը կգա», դրանից այն կողմ՝ էլ քաղաքական հետապնդումը ո՞նց պետք է լինի»,-ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Շարմազանովը նշեց.
«Արտաքին քաղաքականության վերաբերյալ Փաշինյանը խրոխտ ձայնով ասում է, որ նախկին իշխանությունները իրականացրել են վիզը ծուռ քաղաքականություն, հիմա «վիդիտե լի» ինքը եկել է ու իրականացնելու է հպարտ քաղաքականություն: Հիմա ասեմ այդ հպարտ քաղաքականության արդյունքները: Հայաստանը դարձել է «իզգոյ», համարյա չեղած հաշիվ, Հայաստանը ՀԱՊկ-ում կորցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ Փաշինյանի շնորհիվ: Չմոռանանք, որ պառլամենտում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն այդ պաշտոնում պետք է շարունակի՝ մինչև լրանա լիազորությունների ժամկետը: Բայց հենց տեսավ՝ չստացվեց, ասում է՝ էական չի ՀԱՊԿ-ն: Իսկ ի՞նչն է էական՝ չպլանավորված հանդիպումը Դավոսո՞ւմ»:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ավելի շատ խոսում էր փոխզիջումների մասին, իսկ ներկայիս իշխանությունը փորձում է Արցախին բանակցային կողմ դարձնել, պատասխանեց
«Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Արցախը պետք է բանակցային կողմ լինի: 10 տարեկան տղան էլ նույն բանը կարող է ասել: Ասելը քիչ է: Ասելն ու անելը տարբեր բաներ են: Մեր ու իրենց տարբերությունն այն է, որ մենք կուրծք չենք ծեծել աննպատակ: Սա հենց փաստում է այս իշխանության պոպուլիստական լինելը»:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է վերադառնալ քաղաքականություն, Շարմազանովը պատասխանեց . «Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է, մեր կուսակցության նախագահն է և իմ կարծիքով՝ ասելիք և անելիք ունի քաղաքականության մեջ»: