ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Շտապօգնության ծառայության ղեկավարությանը կոչ է անում ապահովել շտապօգնության մեքենաների վարորդների կողմից երթևեկության բոլոր կանոնների խստորեն պահպանումը:
«Տեղեկացա Երևան քաղաքում տեղի ունեցած շտապօգնության մեքենայի հերթական վթարի մասին։ Հետ վերադառնալուն պես լուրջ հետևություններ կարվեն Երևանի շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ՝ չնայած որ այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի, այլ ոչ թե առողջապահության նախարարության ենթակայության տակ։ Սա արդեն նման երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչը պարզապես անթույլատրելի է։ Շտապօգնության ծառայության ղեկավարությանը կոչ եմ անում ապահովել շտապօգնության մեքենաների վարորդների կողմից երթևեկության բոլոր կանոնների խստորեն պահպանումը, երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար ձայնային և լուսային ազդանշանների պարտադիր միացրած լինելը։ Մյուս վարորդներին կոչ եմ անում միշտ զիջել շտապօգնության մեքենաներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարարը վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել: