«Նաիրիտ»-ի համակարգող խումբն ահազանգել է, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք բավականին հետաքրքրված են որոշ սարքավորումներով, մասնավորապես՝ Չինաստանը ցանկանում  է բութադիենային տեխնոլոգիայով աշխատող մի նոր գործարան կառուցել՝ 50 հազար տոննա հզորությամբ, որից կա աշխարհի ընդամենը մի քանի երկրներում։ Ըստ համակարգող խմբի՝ այցը նախաձեռնել և չինացիներին ուղեկցում է «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամ է։

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը նշեց, որ տարածված տեղեկությունը, թե Ռուբեն Սաղաթելյանն է ուղեկցում, սխալ է․ գործարանի նախկին տնօրեն Գրիշա Մարգարյանի ուղեկցությամբ են Չիանստանի ներկայացուցիչները մտել գործարան։

Գործարանում Չինաստանի ներկայացուցիչների շրջելու փաստը և մանրամասները, Իսրայելյանի հավաստմամբ՝ շատ գաղտնի են պահվում, սակայն տեղեկատվությունը, որ նրանք ունենք, թե որ արտադրամասով են իրենք հիմա զբաղված, ենթադրության տեղիք է տալիս, որ այցի նպատակը բութադիենային տեխնոլոգիայով Չիանաստանում արտադրություն կազմակերպելն է․ «Եթե այդ մարդիկ օրեր են անցկացնում այստեղ, գծագրերի հետ են ծանոթանում, դա արդեն իսկ վտանգավոր է։ Քանի որ այդ տեխնոլոգիան մեզ տվել է Անգլիան, մենք իրավունք  չունենք այն ուրիշին տալ, իսկ անօրինական կարգով, գաղտնի կամ «շպիոնաժի» կարգով, ինչպես ընդունված է չինացիների մոտ, գալիս են՝ գծագրերը, ինստրուկցիան պատճենում են, տանում իրենց մոտ և այնտեղ նոր գործարան կառուցում։ Իսկ նոր գործարանի կառուցումը շուկայի գրավում է»։

Իսրայելյանը նաև նկատեց, որ Հայաստանն ասում է, թե շուկա չկա և բութադիեն հնարավոր չէ վաճառել, սակայն Չինաստանը պատաստվում է կառուցել 50 000 տոննա հզորությամբ, և բացի դրանից՝ 30 000 տոննա հզորությամբ կառուցել էր «Շանսի-Նաիրիտի» հետ համատեղ։ Սա, ըստ Իսրայելյանի՝ նշանակում է, որ պահանջարկ կա, սակայն լրացուցիչ հարցեր են առաջացնում՝ ինչո՞ւ չի վերագործարկվում «Նաիրիտ»-ը։

«Մենք գործարանում տեխնիկական աուդիտ ենք արել, տվել են եզրակացություն, որ գործարանը կարող է աշխատել, կա ներդնող՝ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը, որը բանակցություններ է վարում կառավարության հետ և սպասում ենք կառավարության պատասխանին։ Մեզ անհանգստացնողը գործարանում սկսված սնանկության գործընթացն է։ Այդ ընթացքում գործարանում առկա սարքավորումները օտարվում են, և շատ հավանական է, որ այն սարքավորումները, որ մեզ պետք են՝ չինական ընկերությունն առնի ու տանի։ Կառավարությունն, իմանալով, որ կարող ենք գործարանը վերաթողարկել, 2000-ից ավել աշխատող ստեղծել, իր անգործությամբ կամ դանդաղկոտության հնարավորություն է տալիս, որ չինական ընկերությունն օրինական կերպով գա Հայաստան, գնի սարքավորումները, փաստաթղթերը ոչ օրինական կարգով գողանա-տանի, ու մի քանի տարում գործարան սարքի»,- նշեց գործարանի նախկին տնօրենը։

Վերջինիս կարծիքով՝ աշխատանք ունի իրականացնելու ԱԱԾ-ն, որպեսզի պարզի՝ ինչ իրավունքով և ովքեր են թույլ տվել, որ չինական ընկերության ներկայացուցիչները գործարանի տարածքում լինեն․ «ԱԱԾ-ն եթե տեղեկացված չէ, պետք է կանչի բոլոր մասնակիցներին, բոլորից բացատրություն պահանջի։ Սա համարվում է արտադրական «շպիոնաժ»։ Գործարանի այսօրվա ղեկավարությունը որոշ մարդկանց միջոցով մտել է գործարքի մեջ ինչ-որ մարդկանց հետ տեխնոլոգիա վաճառելու համար։ Կառավարության ներկայացուցիչն ինձ ասել է, որ տեղյակ չէ դրանից։ Կառավարության հետ բանակցություններ լինելու դեպքում էլ պետք է կառավարությունը բացահայտ ասի»,- ամփոփելով, ասաց Իսրայելյանը։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ