Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 29-ի որոշմամբ, Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։ Ադոնցը մասնագիտությամբ տնտեսագետ-կիբեռնետիկ է, անցել է նաև դիվանագիտական դասընթացներ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում: 1994-1996 թվականներին աշխատել է Բելգիայում Հայաստանի դեսպանությունում` որպես երկրորդ քարտուղար: 2007 թվականին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, գլխավորել է Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը:
 
Ադոնցին իրավամբ կարելի է համարել նախկին համակարգի ներկայացուցիչ: Բացի այդ, նրա անունը ժամանակին ասոցացվում էր մի շարք սկանդալների հետ: Մասնավորապես մամուլում հայտնվել էին տեղեկություններ, որ Բելգիայի հատուկ ծառայություններից հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ եւ ԱԱԾ` խնդրելով պարզել, թե ինչպես է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ «Rolexs»-ներ եւ 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր գնել եւ անարգել տանել Հայաստան։ Ինքնին հասկանալի է, որ բելգիական հատուկ ծառայություններին բոլորովին չէր մտահոգում այն փաստը, որ բացի 21 տոկոսը ետ ստանալը` Ադոնցը իր գնումները անարգել, առանց մաքսազերծման անցկացնում էր Հայաստան. նրանց հետաքրքրում էր իրենց երկրի բյուջեն։ Չնայած այս սկանդալին, Ադոնցը, այնուամենայնիվ, որևէ պատասխանատվության չենթարկվեց՝ շարունակելով իր դիվանագիտական պրակտիկան:
 
Փաշինյանը, սակայն, չունի ընտրության լայն հնարավորություն: Արտաքին քաղաքականության մեջ գրանցվող ձախողումները ստիպում են հատուկ մասնագիտացում պահանջող ոլորտներում կադրային լուծումներ գտնել, մինչդեռ Փաշինյանի թիմը այս հարցում, մեղմ ասած՝ կաղում է. Ռուբեն Ռուբինյանը դրա վառ վկայությունն է: Հետևաբար, պետք է նշել, որ չնայած ընտրության հակասական լինելուն՝ Փաշինյանի այս քայլը կարելի է ողջունել, քանի որ պետական շահը պետք է վեր գնահատել թայֆաբազությունից և ոլորտը վստահել դրանից քիչ թե շատ գլուխ հանող մասնագետների՝ առնվազն մինչ այն պահը, երբ իշխանության եկած անփորձ քաղաքական թիմը կաճեցնի իր կադրերին: