Հայաստանի համար գոյություն չունի այլընտրանք, քան ատոմային էլեկտրակայանի շահագործումը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի գնահատմամբ, դա առաջին հերթին պայմանավորված է երկրի ազգային անվտանգությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «ՌՈՈՒԶ ՌՈԹ» 89-րդ սեմինարի «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում» քննարկմանը Արեգ Գալստյանը շեշտեց, որ թեպետ միջազգային հանրությունը այլ տեսակետ ունի ատոմակայանի առնչությամբ, սակայն հայկական կողմը ոչ միայն ներկայացնում, այլեւ փաստերով ապացուցում է, որ ԱԷԿ-ն անվտանգության բարձր մակարդակ ունի: «Իհարկե մենք հասկանում ենք ատոմային էլեկտրակայանի հարցում ԵՄ դիրքորոշումը, սակայն մենք ամենուր եւ բոլորին բացատրում ենք մեր վիճակը՝ ներկայացնելով, որ մեր ԱԷԿ-ն անվտանգության բարձր մակարդակ ունի»,- ասաց Արեգ Գալստյանը։

 

 

Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ ԱԺ համագործակցությամբ' հունիսի 18-20-ին անց է կացվում «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով Ռոուզ Ռոթ 89-րդ սեմինարը: Սեմինարի առանցքում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ, միջնորդության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկաս ում: